Կարեն Կարապետյանի վտանգավոր սերտաճումը. ինչ է կատարվել Արցախում

- in Հրապարակ
Karen Karapetyan

Մամուլը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սահմանադրական դատարանի դեռեւս նախագահ Հրայր Թովմասյանը եղել են Արցախում, հանդիպում ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ եւ փոխադարձաբար դժգոհել Հայաստանի իշխանությունից:

http://lragir.am Որ Հրայր Թովմասյանն Արցախում եւ եւ ՍԴ պատվիրակությամբ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, հայտնի էր պաշտոնապես: Դա տեղի էր ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո: Իսկ այդ հրաժարականն էլ տեղի ունեցավ մայիսի 20-ին դատարանների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ելույթից հետո: Դա էլ հաջորդել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնի դատավճռին: Իսկ այդ դատավճռի «հիմքում» էլ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն էր:

Զարմանալի չէ, որ այդ ամենից հետո Հրայր Թովմասյանը մեկնում է Արցախ իր այսպես ասած քաղաքական ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու, փորձելով հասկանալ՝ թե երբ պետք է հրաժարական տա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ու ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ապա, նախ, պարզ չէ՝ նրանք Հրայր Թովմասյանի եւ ընդհանրապես նաեւ իրար հետ միասի՞ն են այցելել Արցախ եւ հենց Հայաստանի իշխանությունից բողոքելու՞ համար, թե՞ ամեն մեկն Արցախ է այցելել իր գործով: Իսկ անձնական գործեր Արցախում նրանք շատ ունեն: Կարող են ունենալ նաեւ այլ գործեր, հատկապես հաշվի առնելով այն, որ Արցախում անցկացվում է երկու խոշոր մարզական միջոցառում: Մեկը այսպես ասած չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է, որ հունիսի 1-9-ը տեղի է ունենում Արցախում, իսկ մյուսը՝ Համահայկական խաղերի բացման արարողությունը, որը տեղի է ունենալու ամռանը, բայց ավելի ուշ:

Երկու դեպքում էլ անհրաժեշտ են հովանավորներ, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոշոր սեփականատերեր լինելուց բացի, Արցախում էլ ունեն բիզնեսներ:

Այդ ամենն անշուշտ չի նշանակում, որ հանդիպումներում նրանք չէին կարող քննարկել նաեւ այսպես ասած քաղաքական հարցեր եւ անգամ դժգոհել Հայաստանի նոր իշխանությունից:

Թեեւ, առկա է թերեւս հարց՝ իսկ Հայաստանի նոր իշխանությունից նրանք ինչու՞ պետք է դժգոհեն: Բանն այն չէ, որ չկա այդ իշխանությունից դժգոհելու առիթ կամ պատճառ: Բայց, մյուս կողմից, այդ իմաստով հիմնարար էր օրերս ՍԱՍ-ի Արտակի` լրագրողներին տված պատասխանը, որ հանգիստ թողնեն իրեն՝ այժմ նա ունի հնարավորություն զբաղվել միայն բիզնեսով:

Այդ հնարավորությունն այժմ ունեն թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, թե ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրանք բիզնեսմեններ են, որոնք մի շարք հայտնի հանգամանքների բերումով հայտնվել են քաղաքական հոսքերում, հետո դրանց առաջին շարքերում, հայտնվել են բիզնես-իշխանություն-քաղաքականություն շրջապտույտում, դրանից բխող քրեածին բազմաթիվ ռիսկերով:

Ինչի՞ց են նրանք այժմ դժգոհ՝ որ թավշյա հեղափոխության շնորհիվ ստացել են այդ ամենի դիմաց հանրային ներման հնարավորությո՞ւն, քաղաքականությունից, իշխանությունից հանգիստ դուրս գալու եւ իրենց բիզնեսով զբաղվելու հնարավորության դիմաց: Նրանք դժգոհ են, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ոչ ոք իրենց բիզնեսը չի՞ խլել, օրինակ ոչ ոք Բջնին չի՞ վերցրել ու վերադարձրել Խաչատուր Սուքիասյանին: Դրանի՞ց են դժգոհ:

Թե՞ ինչ որ այլ մարդկանց անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար գեներացվի Արցախում Հայաստանի իշխանության դեմ խմորվող, հունցվող ինչ որ «դավադրություն» կամ «դժգոհություն», դրանով սադրվի հանրային որոշակի վերաբերմունք, կարծիք, դա էլ իր հերթին բերի Հայաստանի իշխանության արձագանքի, ու այդպես պտտվի մի մաքոք, որում փաստացի կհայտնվեն բոլորը՝ ինչպես մինչեւ 2018-ի մայիս բոլորը առնվազն քառորդ դար հայտնվել էին բիզնես-իշխանություն-քաղաքականություն կործանարար մաքոքում:

Հիմա դա չկա, անհրաժեշտ է ստեղծել այլ սերտաճում, այլ վտանգավոր մաքոք, եւ այդպիսին գտել են Արցախի եւ «դավադրության» սերտաճումը:

Օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին դա դու՞ր է գալիս: Եթե ոչ, նա պատրա՞ստ է հրապարակային որեւէ հայտարարությամբ իրեն դուրս դնել այդ վտանգավոր «մաքոքից»: Թե՞ դուր է գալիս հակառակը, երբ մամուլում կարդում է, թե ինչպես է Արցախի իշխանության հետ «գլուխ գլխի» դժգոհել Հայաստանի իշխանությունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան