Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեխաներին երազել չդադարելու կոչ է անում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց հունիսի 1-ին, Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում:

«Փոքր տարիքում եղել եմ հետաքրքրասեր և հանգիստ երեխա: Մանուկներին կոչ եմ անում՝ չդադարել երազել, այդ երազների մասին հայտնել մեզ, որպեսզի մենք էլ դրանք ի կատար ածենք»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով կրթության որակին, նախարարը նշեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են ստեղծել այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան ապահովել որակյալ կրթություն 1-ից 12-րդ դասարաններում:

«Այն կրթությունը, որ այսօր ստանում են դպրոցում տարբեր մակարդակներում տարբեր որակի է: Կարծում եմ, որ տարրական դպրոցը շատ լավ որակ է տալիս, միջինից սկսած արդեն ունենում ենք խնդիրներ: Առաջիկա մեկ տարվա մեր ամբողջ գործունեության հիմնական նպատակն ու իմաստը լինելու է, որպեսզի ստեղծենք այնպիսի չափորոշիչներ ու ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովել բարձր, որակյալ կրթություն 1-ից 12-րդ դասարաններում»,- նշեց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...