Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին միասնական քննությունների արդյունքները. հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդների գիտելիքները ստուգվել էին աշխարհագրություն, կենսաբանություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից:

Աշխարհագրությունից քննություն հանձնած 229 դիմորդներից դրական միավորի շեմը չի հաղթահարել 16-ը կամ մասնակիցների 7 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 48 հոգի կամ մասնակիցների 21 տոկոսը: Միջին միավորը 13.7 է:

Կենսաբանություն առարկայից քննություն է հանձնել 1207 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 184-ը կամ մասնակիցների 15.2 տոկոսը: 18-20 միավոր ստացողների թիվը 290 է կամ մասնակիցների 24 տոկոսը: Միջին միավորը կազմել է 13.4:

Համաշխարհային պատմություն առարկայից քննություն է հանձնել ընդամենը 40 հոգի: Նրանցից 5-ը կամ 1.5 տոկոսը ստացել է անբավարար գնահատական, 18-20 միավոր ստացել է 11 դիմորդ կամ մասնակիցների 27.5 տոկոսը: Միջին միավորը 13.6 է:

Նախորդ տարի, ինչպես հայտնի է, դիմորդների թիվը էապես փոքր է եղել, քան այս տարի, ինչը պայմանավորված էր 12-ամյա կրթակարգին անցնելու գործընթացում առաջ եկած ոչ ստանդարտ իրավիճակով ու առաջին դասարանցիների ընդունելության հետ: Հետեւաբար, երկու տարիների քննական արդյունքները համեմատելի կարող են լինել տոկոսային հարաբերությամբ: Նշված երեք առարկաների քննական արդյունքների այդ համադրության արդյունքում էլ պարզ է դառնում, որ այս տարի, չնչին բացառությամբ, կրճատվել է ինչպես առավելագույն 18-20 միավոր ստացած դիմորդների թիվը, այնպես էլ դրական միավորի շեմը չհաղթահարածներինը:

2018-2019 թթ. ցուցանիշերի համեմատություն

Կենսաբանություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝

2018 թ. – 685

2019 թ. – 1207

Միջին միավորը՝

2018 թ. – 13.5

2019 թ. – 13.4

7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝

2018 թ.- 122 դիմորդ կամ 17.8 տոկոսը

2019 թ. – 184 դիմորդ կամ 15.2 տոկոսը

Առավելագույն՝ 18-20 միավորը ստացել է

2018 թ. – 206 դիմորդ կամ 30.1 տոկոսը

2019 թ. – 290 դիմորդ կամ 24 տոկոսը

Աշխարհագրություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝

2018 թ. – 148

2019 թ. – 229

Միջին միավորը՝

2018 թ. – 13.1

2019 թ. – 13.7

7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝

2018 թ.- 17 դիմորդ կամ 11.5 տոկոսը

2019 թ. – 16 դիմորդ կամ 7 տոկոսը

Առավելագույն 18-20 միավոր ստացել է

2018 թ. – 27 դիմորդ կամ 18.2 տոկոսը

2019 թ. – 30 կամ 13.1 տոկոսը

Համաշխարհային պատմություն առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը՝

2018 թ. – 41

2019 թ. – 40

Միջին միավոր

2018 թ. – 12.2

2019 թ. – 13.6

7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝

2018 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների 12.2 տոկոսը

2019 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների12.5 տոկոսը

Առավելագույն 18-20 միավոր ստացել է

2018 թ. – 6  դիմորդ կամ մասնակիցների 14.6 տոկոսը

2019 թ. – 5 դիմորդ կամ մասնակիցների 12.5 տոկոսը:

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 7-ին: Արդյունքները դեռ հրապարակված չեն: Բայց մինչեւ դրա համար նախատեսված վերջնաժամկետը՝ հունիսի 12-ը, նախնական որոշակի պատկեր կա: Նախորդ երեք քննությունների դեպքում նկատված օրինաչափությունը այս դեպքում չի պահպանվել:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ թեստերն անցնում են եռակի ստուգում: Երկու ստուգումներից հետո նախնական ցուցանիշերը փաստում են, որ 3.5 տոկոսով ավելացել է անբավարար գնահատական ստացածների քանակը, իսկ առավելագույն միավորների քանակը կրճատվել է շուրջ 5 տոկոսով:

2018-2019 թթ. նախնական ցուցանիշերի համեմատություն

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մասնակիցների ընդհանուր թիվը.

2018 թ. – 2 715

2019 թ. –  5 370

Միջին միավորը՝

2018 թ. – 12.2

2019 թ. – 11.5

7.5-ից ցածր՝ անբավարար միավոր ստացել է՝

2018 թ. – 435 դիմորդ կամ մասնակիցների 16 տոկոսը

2019 թ. – 1046 դիմորդ կամ մասնակիցների 19.5 տոկոսը

Առավելագույն՝ 18-20 միավոր ստացել է

2018 թ. – 386 դիմորդ կամ մասնակիցների 14.2 տոկոսը

2019 թ. – 491 դիմորդ կամ մասնակիցների 9.3 տոկոսը

«Ամբողջ խնդիրն այն է, որ, օրինակ, առաջին երեք առարկաները մասնագիտության համար են հանձնում, այդ պատճառով էլ անբավարար գնահատականներն այդքան շատ չեն լինում, իսկ հայոց լեզուն կարծես ունիվերսալ քննություն լինի, դա պահանջվում է ե՛ւ տեխնիկական, ե՛ւ հումանիտար ե՛ւ մանավանդ բանասիրական մասնագիտության համար, դրա համար այնտեղ տարբերությունը շատ է լինում»,- պատճառաբանեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Հարցին, թե քննական թեստերում հանդիպե՞լ են թերություններ կամ վրիպակներ, Գրիգորյանը պատասխանեց. «Հենց որ քննությունը սկսվում է, մասնագետը այստեղ՝ ԳԹԿ-ում հեռախոսի մոտ նստած զանգերի է պատասխանում, նաեւ թեժ գծի զանգերի բովանդակությունը իրեն հաղորդում են եւ նա պատասխանում է: Էական խնդիրներ չեն եղել»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...