Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը

- in Պաշտոնական

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ողջաբերդ համայնքում էր: Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:

Ինչպես տեղեկացրեցին Կոտայքի մարզպետարանից, Ռոմանոս Պետրոսյանը այնտեղ էր խնդրի լուծման փաթեթով: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:

«Առաջին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիք 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից  փոխհատուցում կստանա: Երկրորդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիք կփոխհատուցվի. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքի փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը:

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Արտակարգ  Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:

Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիք իր կրած վնասների չափով փոխհատուցում կստանա, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments