Համահայկական մոբիլիզացիա. կամ-կամ

- in Վերլուծական
paterazm

Հայաստանի երկու կարեւորագույն հարեւան եւ բարեկամ պետությունների ուղղությամբ ծավալվում են բավականին լարված զարգացումներ՝ Վրաստան եւ Իրան:

http://lragir.amԱյդ զարգացումները Հայաստանի հանրության մոտ առաջացնում են տագնապալի դիտարկումներ, միանգամայն հասկանալի պատճառով: Լինելով թուրք-ադրբեջանական կիսարջափակման մեջ, Հայաստանն ամբողջական շրջափակման մեջ կհայտնի, եթե Վրաստանում կամ Իրանում ինչ-ինչ զարգացումներ առաջացնեն հաղորդակցության խոչընդոտ:

Միաժամանակ, խնդիրը առավել նուրբ ու բարդ է դարձնում հանգամանքը, որ երկու ուղղությամբ էլ հանդիպակաց դերակատար են դարձյալ մեզ համար կարեւոր երկրներ՝ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ:

Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ թե Վրաստանի, թե Իրանի ուղղությամբ իրողությունները կգտնեն իրենց հանգուցալուծումը: Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, եւ մինչ այդ ինչ ռիսկեր կգեներացվեն, դա իհարկե հարց է:

Սակայն խնդիրը բոլորովին այն կարճաժամկետ կամ միջնաժամկետ լարման մեջ չէ, որ առաջացել է երկու ուղղություններով եւ պոտենցիալ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Ի վերջո, այդ զարգացումները ընդամենը հերթական անգամ վկայում են մի պարզ իրողություն, որը համենայն դեպս առանց այդ էլ պետք է որ գաղտնիք չլիներ որեւէ հայի համար: Մենք գտնվում ենք բարդագույն ռեգիոնում, ոտեղ ստիպված ենք ապրել, պետություն պահպանել եւ զարգանալ:

Ընդ որում, այստեղ իրավիճակը Հայաստանի համար ամենեւին էլ ապոկալիպտիկ չէ: Ի վերջո մենք ունենք նույնքան խնդիրներ, որքան ռեգիոնի ցանկացած պետություն: Դրանք տարբեր են, սակայն չկա որեւէ մեկը, որը չունի լրջագույն մարտահրավերներ: Ավելին, Հայաստանն այդ իմաստով ունի համեմատական քաղաքական, ռազմա-քաղաքական առավելություններ, որոնք կարող են էապես ավելացնել Հայաստանի աշխարհքաղաքական ներուժը, եթե գտնվենք այդ կարողություններն արդյունավետ օգտագործելու, համեմատական առավելությունները գեներացնելու ունակ:

Առնվազն քառորդ դար կամ ավելի, մենք ժամանակ ենք կորցրել: Բայց, միեւնույն ժամանակ, ռեգիոնում մենք հաղթող ենք, եվ ռազմական իմաստով հաղթող լինելուն, 2018 թվականին ավելացավ քաղաքական իմաստով հաղթանակը՝ Հայաստանում հաստատված կոռուպցիոն, գողապետական համակարգի նկատմամբ, որը պետք է զարգացնել: Դա պահանջում է բարդ աշխատանք, այդ թվում իհարկե հանրային, ազգային համերաշխության ճանապարհով:

Վերջին հաշվով, մեր հարեւան երկրների շուրջ զարգացումները ընդամենը հիշեցնում են ամբողջական ռեգիոնալ անկայունության հանգամանքը, որը մեզ պետք է բերի մի առանցքային մտքի՝ հայկական պետականության պահպանման, անվտանգության եւ զարգացման հարցում անփոխարինելի է համազգային, համահայկական մոբիլիզացիայի գործոնը:

Այդ իմաստով հատկանշական է, որ դրամատիկ զարգացումների շաբաթը զուգորդվեց Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի հետ, որն անցկացվեց Երեւանում: Դրա ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի ելույթում խոսվեց այն մասին, որ հիմնադրամը պետք է դառնա համազգային ցանցային ինստիտւտ, իսկ վարչապետ Փաշինյանը խոսեց համահայկական բյուջեի ձւավորման անհրաժեշտության մասին, որը կլուծի ոչ միայն ներհայաստանյան, այլ ներհայկական շրջանակի հարցեր:

Մի շարք հանգամանքների բերումով փակ ռեգիոնալ միջավայրում գտնվող եւ այդ միջավայրում պաշտպանված ու զարգացած լինելու հրամայականի առաջ կանգնած հայկական պետականությունը կարող է բացվել համահայկական շրջանակի օգնությամբ, աշխարհասփյուռ հայկականության ռեսուրսի շնորհիվ: 21-րդ տեխնոլոգիական դարը տալիս է դրա լայն հնարավորություն:

Լրագիրը տարիներ շարունակ գրել է այդ մասին:

Այլընտրանք չկա, կամ հայկական պետականությունը կկարողանա կազմակերպել այդ մասշտաբը, կամ հնարավոր չի լինի լուծել մարտահրավերների արդյունավետ հակազդման եւ արդյունավետ զագացման ռազմավարական խնդիրը: Համահայկական ռեսուրսային մոբիլիզացիայի ինստիտուցիոնալ, արդիական կազակերպումը կբարձացնի նաեւ Հայաստանի հանդեպ համաշխարհային ուժի կենտրոնների հետաքրքրությունը, կամ ավելի շուտ կգործնականացնի այն, քանի որ հետաքրքրությունը կա մշտապես:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան