Հայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին։

Վարչապետը նշեց, որ դրանք միտված են քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Հայաստանն այսօր իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական վերափոխումներ: Դրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության համընդհանուր սկզբունքների, արդարության և օրենքի գերակայության վրա: Ինչո՞ւմ է կայանում այդ վերափոխումների էությունը: Կարճ կարելի է ասել, որ դրանք միտված են մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ։ Այս մասին Փաշինյանն ասաց Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթում:

«Հայաստանի ապագան մենք տեսնում ենք ինովացիոն տնտեսության զարգացման մեջ: Հայաստանի նման երկրի համար դա այլընտրանք չունի: Մեզ համար առաջնահերթություն է տեխնոլոգիական ոլորտը: Այս ուղղությամբ կրթությունը մեզ համար հատուկ նշանակություն է ստանում:

Հայաստանը Խորհրդային տարիներից ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց է ժառանգել, և այսօր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ այդ ներուժը կոնսոլիդացնելու և օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ վերջին 7 տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում աճել է հինգ անգամ, դարձել երկրի տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը և ամենահեռանկարային արդյունաբերությունը: «Կրթություն և ինովացիա, համագործակցություն և ինտեգրացիա, օրենքի գերակայության հաստատում և արդյունավետ կառավարում՝ ահա թե որտեղ ենք մենք տեսնում մեր պոտենցիալ առավելությունը, որը թույլ է տալիս լիարժեք կերպով օգտագործել մեր ռեսուրսները և հասնել պայմանների տնտեսական կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...