Հայաստանը պատրաստ է նպաստել ԵՄ-ՌԴ հարաբերությունների զարգացմանը

- in Միջազգային
Hayastan EM

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-ն պատրաստ է նպաստել Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։

Նիստը վարողի այն հարցին, թե ԵՄ ուղղությամբ տեղաշարժի շարունակման դեպքում հնարավո՞ր է, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, Փաշինյանը պատասխանեց, որ որևէ ուղղությամբ տեղաշարժ չկա։

«Չկա որևէ տեղաշարժ դեպի Եվրոպական Միություն, որովհետև Հայաստանը մնում է այնտեղ, որտեղ որ կա։ Սա շատ կարևոր է ընգծել, որովհետև մենք ԵՄ-ի հետ համագործակցում ենք մեր ներքին բարեփոխումների հետ կապված հարցերով։ Եվրոպական միությունը շատ հետաքրքրված է նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավանան։ Ես շատ հաճախ շփվում եմ եվրոպական առաջնորդների հետ, և պետք է ասեմ, որ բոլորը աջակցում են Հայաստանին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացման գործում։ Եվ սա շատ կարևոր է։ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք թափանցիկ ենք մեր ռուս գործընկերների հետ, և ՌԴ-ի հետ հարաբերություններում թափանցիկ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Իհարկե, բացի մի քանի մանրուքներից, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհաքաղաքական խաղերը որևէ լավ բանի չեն բերում, և Հայաստանը չի պատրաստվում մտնել դրանց մեջ։ «Ցանկանում եմ ասել, որ իսկապես Եվրոպայի շատ առաջնորդներ հետաքրքրված են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում եմ, որ այստեղ եվրոպական երկու առաջնորդների ներկայությունն այդ մասին էլ խոսում է։ Կարծում եմ, որ շատերն են աշխարհում հասկացել, որ աշխարհաքաղաքական խաղերը որևէ մեկին բարիք չեն բերում, մասնավորապես՝ այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ աշխարհաքաղաքական խաղերի հարթակ։ Այդ պատճառով, Հայաստանի դիրքորոշումը շատ հաստակ է՝ մենք չենք պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, մենք պատրաստվում ենք նորմալ հարաբերություններ հաստատել Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, այժմ հանդիսանում ենք նախագահող երկիր։ Վերջերս ես այցելեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ իմ ելույթում նշեցի, որ շատ ուրախ եմ, որ մենք Չինաստանի հետ ունենք հարաբերությունների լավ դինամիկա։ Կարծում եմ՝ և՛ Չինաստանը, և՛ Եվրոպական Միությունը, և՛ Ռուսաստանը շահագրգռված են համընդհանուր կայունությամբ, կարծում եմ, որ այս հարաբերություններում մեր հիմնական առաջնահերթությունը հանդիսանում է կայունությունն ու անվտանգությունը։ Իհարկե, մենք որպես ԵԱՏՄ անդամ, գիտակցում ենք մեր դերը, և նպաստելու ենք, որպեսզի մեր գործընկերների միջև հարաբերությունները դառնան ավելի լավը, ոչ թե վատը»,- նշեց վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կայացրել միանշանակ որոշում ԵԱՏՄ-ի օգտին, Փաշինյանը նշեց, որ նման խնդիր չկա։ «Մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Սա միակ տնտեսական ինտեգրացիոն գործընթացն է, որին մենք անդամակցում ենք, և մենք շարունակելու ենք մեր անդամակցությունը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք ունենալու հարաբերություններ Չինաստանի հետ։ Չինաստանի հետ մենք երկկողմ հարաբերություններ ենք ունենալու, և նպաստելու ենք Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, այստեղ մենք համագործակցում ենք, օրինակ, դատական համակարգի բարեփոխումների առումով մեր երկրում։ Մեզ համար կարևոր է ունենալ եվրոպական ստանդարտներին համապատասխանող դատական համակարգ։ Մենք շատ ուրախ ենք, որ կա հնարավորություն նպաստելու ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը, Հայաստանը կարող է կամուրջ լինել այս հարցում»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...