Հայաստանի ԱԳՆ-ն՝ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար մտահոգիչ չէ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ դիվանագիտական արարողակարգը չի խախտվել:

Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց փոխնախարարին, թե ԱԳՆ համար մտահոգիչ չէ, երբ Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձը երկու ժամ հանդիպում է ունեցել մեր բարեկամ ու դաշնակից երկրի դեսպանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել Արտաքին գործերի նախարարություն:
«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել: Այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները մենք բոլորս տեսանք, բայց դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց. «Ինձ համար՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»: