Lars

Վրաստանում լարված իրավիճակի կապակցությամբ Հայաստանում մտահոգություններ են առաջացել արտաքին հաղորդակցությունների առումով: Հարցն ըստ էության երկու կողմ ունի՝ գործող հաղորդակցությունը Վերին Լարսով, եւ դրան այլընտրանքային ճանապարհները:

Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի տարի բանակցում են Օսիայով ու Աբխազիայով ճանապարհների բացման հնարավորության շուրջ: Սակայն Վրաստանում հակառուսական այս ելույթներից հետո այդ հնարավորությունը կարելի է փակված համարել երկարաժամկետ կտրվածքով:

Ինչ վերաբերում է գործող հաղորդակցություններին, պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանում փորձ արվեց սահմանափակել հայկական բեռնափոխադրումների, մասնավորապես բեռնատարներով ցորենի տեղափոխման ծավալները: Առայժմ սահմանափակումներ չկան, սակայն դրա վերաբերյալ մտահոգությունները հայկական փորձագիտական շրջանակներում չեն դադարում:

Պետք է նշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանը դիտարկում են որպես հարթակ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար: Ադրբեջանական հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատում են Վրաստանում, օգտագործելով նաեւ տնտեսական ազդեցության լծակները:

Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջանալ նաեւ Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում: Եթե այդ լարումը հանգեցնի ռազմական բախման, որի հնարավորությունը սակայն փորձագետները շատ բարձր չեն գնահատում, ապա հնարավոր է խնդիրներ առաջանան նաեւ Հայաստանի երկրորդ ճանապարհի հարցում: Ժամանակին, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:

Արդյոք բանը կհասնի ռազմական բախման: Պետք է նշել, որ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան կապվում են իրանական ուղղությամբ հնարավոր զարգացումների հետ:

Ինչ կարող է անել Հայաստանը, եթե իրադարձությունները զարգանան ամենաբացասական սցենարներով: Նման իրավիճակներում պետք է քննարկվեն «էքստերիտորիալ ճանապարհների» հնարավորությունները, ռազմա-քաղաքական ու դիվանագիտական խողովակներով: