Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն ավելի ու ավելի է հայտնվում անհարմար վիճակում

- in Վերլուծական

Նուր-Սուլթանում ԵՏՄ հնգամյակի հոբելյանական վեհաժողովում Փաշինյան-Պուտին հանդիպում տեղի չունեցավ, թեեւ ավելի վաղ ՌԴ Սենատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ հանդիպում լինելու է: Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ հանդիպելու է Պուտինին:

Կրեմլը, սակայն, այդ ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնապես չէր հայտարարել: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ հանդիպում չի եղել, քանի որ ինչ որ բան է կատարվել: Թե ինչ, նա չի ասել, մյուս կողմից, պետք է ենթադրել, որ այդ ինչ որ բանը կատարվել է Պուտինի հետ, քանի որ Փաշինյանը պատրաստ է եղել հանդիպել:

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանն ավելի ու ավելի է հայտնվում անհարմար վիճակում: Եթե նախկինում ինչ որ կերպ հաջողվում էր կոծկել խնդիրները, որոնք օբյեկտիվորեն առկա են Հայաստանի ինքնիշխանության եւ շահերի իրացման համատեքստում, որոնք չեն համընկնում Մոսկվայի նպատակներին ու քաղաքականությանը, ապա վերջին տարիներին դա այլեւս հնարավոր չէ:

Նախկինում այդ լռությունն ապահովվում էր Ռուսաստանին հայկական տնտեսական ու քաղաքական ոլորտները զիջելու պայմաններում: Հենց դա էլ ավելի է խորացրել խնդիրները եւ անընդհատ կուտակել նորերը:

Եվ ահա, այդ կուտակված խնդիրների պայմաններում էլ պետք է տեղի ունենար այդ հանդիպումը: Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների ժամանակ միշտ անկեղծ է, Պուտինն այս անգամ ավելի շատ թերեւս պետք է առերեսվեր այդ անկեղծությանը: Օրինակ, գազ, Հայաստանում 5-րդ շարասյան ակտիվացում, չդադարող հակահայկական քարոզչություն, Միհրան Պողոսյանի քաղաքական ապաստանի հարց եւ այլն:

Եվ ամենակարեւորը՝ ապրիլյան պատերազմի հարցերով Հայաստանում խորհրդարանական հանձնաժողովի ձեւավորում, ինչն անկասկած իր քաղաքական նշանակությամբ չի սահմանափակվում երկու տարվա վաղեմության խնդիրներով:

Հայկական թեմայից բացի, Պուտինը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում: Խոշոր քաղաքներն իրար հետեւից «ապստամբում» են, վարկանիշը իջել է «պատմական նվազագույնի», երկիրն առաջիկա երկու տարում գտնվելու է ծանրագույն քաղաքական ճգնաժամի մեջ, որի հետեւանքներն անկանխատեսելի են: Երկրում մոլեգնում է կղերա-չինովնիկական ամենաթողությունը, եւ այս ամենն արդեն ռուսական հանրության մեջ հարցեր են առաջացնում՝ արդյոք Պուտինը վերահսկում է իրավիճակը:

Իսկ սա ամենավտանգավոր հարցադրումն է, ավելի, քան քաղաքական ու տնտեսական ցնցումները, որոնք հաճախ հենց նման հարցադրման ու համոզմունքի հետեւանքն են, հաշվի առնելով ռուսական քաղաքական ավանդույթն ու տրամաբանությունը:

Հայաստանի համար այս իրավիճակում նոր խնդիր է առաջացել՝ պարզել, թե ինչ է ներկայում Մոսկվան, ովքեր են կայացնում ու իրագործում որոշումները:

Մինչ այդ, Պուտինը Նուր-Սուլթանի վեհաժողովից հետո հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել առաջիկա հնարավոր հանդիպման օրակարգը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...