Հայաստանի փողը Պուտին-Թրամփ օրակարգում. շրջադարձ

- in Հրապարակ
trump-putin

Ճապոնական Օսակայում Մեծ 20-ի Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի հայտնի հարցերը:

http://lragir.amԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպման հետաքրքիր հանգամանքներից մեկը թերեւս այն էր, որ դրան մասնակցել են երկու կողմի ֆինանսների նախարարները:

Ի՞նչ հարցեր են քննարկել Թրամփն ու Պուտինը, որ նրանց անհրաժեշտ է եղել ֆինանսների նախարարների ներկայությունը, որովհետեւ թվում է, թե ԱՄՆ ու ՌԴ նախագահների հանդիպումներում պետք է գերակշռի թերեւս ռազմա-քաղաքական թեման: Մյուս կողմից, ֆինանսները անշուշտ այդ թեմատիկայի կարեւոր մաս են, որովհետեւ աշխարհակարգի վերաձեւավորման գործընթացը չի կարող չշոշափել նաեւ փողի հարցը:

Օրինակ, այդ առումով հատկանշական է, որ Թրափմ-Պուտին հանդիպումից օրեր առաջ՝ հունիսի 25-ին, Ավստրիայի դատարանը կայացրեց Դմիտրի Ֆիրտաշին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին որոշում: Դմիտրի Ֆիրտաշն ուկրաինացի գործարար է, միլիարդատեր, որը աշխույժ մասնակցություն է ունեցել վերջին տարիների ուկրաինական դեպքերին, որին նաեւ վերագրվում են կապեր Ռուսաստանի հետ: Մասնավորապես համարվում է, որ Ֆիրտաշը մասնակցել է եւ լավատեղյակ է Ռուսաստանի գազային սխեմաներին, էներգետիկ եւ այլ խոշոր ոլորտային ստվերային մեխանիզմներին:

Ըստ այդմ հասկանալի է դառնում, թե ինչու է ԱՄՆ չորս տարի պայքարում Ֆիրտաշին ստանալու համար, եւ ահա Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ ստանում է նրան: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք դա է այն գինը, որի դիմաց ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպել ՌԴ նախագահի հետ: Թեեւ, հնարավոր է հարցը հանդիպման գինն էլ չէ, այլ պարզապես աշխարհաքաղաքական խնդիրները եւ դրանց համատեքստում ՌԴ նախագահի համար ներքին հարցերը:

ԱՄՆ-ում Ֆիրտաշին սպառնում է 50 տարի ազատազրկում եւ ակտիվների բռնագրավում՝ խոշոր չափերի կաշառքի համար:

Ֆիրտաշի գործն առնվազն մեկ պատճառ կարող է լինել, թե ինչու Պուտինի եւ Թրամփի հանդիպմանը կար ֆինանսների նախարարների ներկայության անհրաժեշտություն: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն էր կազմել Կրեմլի հայտնի ցուցակը, որի մեջ էին ոչ միայն պաշտոնյաներ, այլեւ Պուտինի միլիարդատեր ընկերները:

Այդ ցուցակը մի կողմից թվում էր գործիք ՌԴ նախագահի դեմ, մյուս կողմից հատկանշական էր, որ այն հրապարակելուց օրեր առաջ ԱՄՆ գաղտնի այց էին կատարել եւ քննարկումներ ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները: Հաշվի առնելով այն, որ ցուցակը հրապարակվեց Պուտինի ընտրությունից առաջ, ինչ որ իմաստով այն կարող էր ավելի շուտ նվեր լինել նրան՝ նախագահի ընտրության շեմին օլիգարխիային կառավարելու համար:

ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ քննարկումների «արդյունքում» ծնված նվերը ԱՄՆ մատուցել էր թերեւս հենց այն բանի համար, որ նախագահի ընտրությանը Պուտինը կառավարի ռուսական օլիգարխիային, ոչ թե նրանք կառավարեն Պուտինին: Այսինքն նրանք մնան Պուտինին պարտք, ոչ թե Պուտինը՝ նրանց: Դա կարեւոր ասպեկտ է լինելու Ռուսաստանում իշխանության խնդրի հետագա գործընթացի համար: Եվ ավելին, արդեն իսկ նկատելի են դրա դրսեւորումները տարբեր ուղղություններով:

Ընդ որում, պետք չէ բացառել, որ այդ ուղղություններից մեկն էլ Հայաստանն է: Ի դեպ, Կրեմլի ցուցակում էր նաեւ այդ պահին Հայաստանում իշխանության համար պայքարի խոշոր մասնակիցներից մեկը՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սառեցրել էր գործերը, սակայն կարծես թե նոր պայմանավորվածություն է ունենում վարչապետ Փաշինյանի հետ: Համենայն դեպս, Սամվել Կարապետյանն օրերս հանդիպել էր նրա հետ, այսպես ասած «մտերմիկ» միջավայրում:

Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը հայտ է ներկայացրել նոր աշխարհակարգում կարեւոր տեղի եւ դերի համար: Դերաբաշխումը ենթադրում է նաեւ ֆինանսա-տնտեսական ռեսուրսների վերաբաշխում: Խոսքն իհարկե մանանայի մասին չէ, որ թափվելու է երկնքից, այլ բավական բարդ գործընթացի, որի առումով սակայն Հայաստանում կամ Հայաստանի հետ տեղի ունեցած ուշագրավ իրողությունը՝ Պուտին-Թրամփ հանդիպման «ֆինանսական» բաղադրիչի ֆոնին, լոկ Կրեմլի ցուցակում գտնվող Սամվել Կարապետյանի հանդիպումը չէ Փաշինյանի հետ:

Հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին վճռի օրը Գլխավոր դատախազի հանդիպումը ՌԴ դեսպանի հետ, որի ժամանակ դատախազը ՌԴ դեսպանի հետ խոսել է Հայաստանում անօրինական հարստացման, արտերկիր հանած հարստության վերադարձի, այդ ուղղությամբ Հայաստանի սկսած միջազգային աշխատանքի մասին:

Միեւնույն ժամանակ, հունիսի 26-ին Հայաստան էր ժամանել Մալթայի արտաքին գործերի նախարարը: Այն Մալթայի, որի վարչապետի անունը շոշափվում էր հայտնի Պանամական օֆշորի սկանդալում, որտեղ շոշափվում էին նաեւ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանում պատսպարված Միհրան Պողոսյանի անունները: Ի դեպ, դրանից կարճ ժամանակ անց սպանվեց մալթացի հետաքննող հայտնի լրագրողը, որը նպաստել էր սկանդալի բացահայտմանը: Մալթայի պաշտոնյան Հայաստան էր ժամանել ԵԽԽՎ-ում այդ լրագրողի սպանության վերաբերյալ զեկույցի ընդունման օրը: Նույն օրը ԵԽԽՎ օրակարգում էր ՌԴ պատվիրակության լիազորությունը ամբողջությամբ վերականգնելու նախաձեռնությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան