oligarxia

Օրերս հավաքվել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, նախկին ԱԺ պատգամավոր՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը և այլ նախկին օլիգարխիայի ներկայացուցիչներ, որոնք քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը, ներդրումների բացակայությունը, Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրները:

Այդ տեղեկատվության հրապարակումը համընկել է երկու այլ ուշագրավ տեղեկատվության հետ՝ Ռուսաստանի դեսպանի հանդիպում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և տեղեկությունը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ առկա է օտարալեզու փաստաթուղթ, որում նշված է, թե Հայաստանի իշխանությունն ինչ պետք է անի հանրությանն ու ընդդիմությանը ճնշելու համար: Ըստ այդ տեղեկության, օտարազգի ինստրուկտորներ են եղել Երևանում այդ օրերին, որոնք գաղտնի գտնվել են կառավարության նիստերի դահլիճում: Այդ տեղեկությունը տարածեց «Հայկական ժամանակ» թերթի կայքը: Թեև նշված չէր, թե հատկապես ո՞ր օտար լեզվով և ի՞նչ երկրից են եղել ինստրուկտորները, այդուհանդերձ, տեղեկությունը հիշեցրեց դեռևս 2008-ի մարտի 1-ից կարճ ժամանակ անց «Հայկական ժամանակ» թերթում տարածված լուսանկարը՝ ռուսական հատուկ ջոկատային սպաներից մեկի, որը մարտի 1-ին գտնվել է Երևանում: Կա՞ որևէ պատճառահետևանքային կապ հայաստանյան լրահոսը զբաղեցրած այդ երեք ուշագրավ տեղեկությունների միջև:

Սա, իհարկե, կարող ենք միայն եզրակացնել, թե ընդհանուր առմամբ, իհարկե, անկախ ուղղակի, թե անուղղակի կապից, հատկանշական է, որ Հայաստանը թևակոխել է հայ-ռուսական հարաբերության վերագնահատման և վերափոխման նոր փուլ, որն ինքնին որպես գործընթաց բավականին առողջ է, սակայն որը խորքային առումով, իհարկե, կարող է պարունակել նաև ռիսկեր: Ռիսկեր, առաջին հերթին այն տեսանկյունից, որ հայ-ռուսական հարաբերության վերափոխումը, խոշոր հաշվով, խորքային սպառնալիք է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան հայաստանյան նախկին համակարգային խմբերի համար, որքան նրանց ռուսաստանյան տարիների գործընկերների, որոնք, անկասկած, միլիոնների և գուցե միլիարդների գործընկերներ են: Եթե, իհարկե, այդ գործընկերությունը չի սահմանափակվել միայն հայ-ռուսական տիրույթով և տարաբնույթ օֆշորներում չի վերածվել օրինակ նաև ավելի լայն տնտեսա-քաղաքական կոնսորցիումային կապիտալի, երբ, ասենք, միևնույն օֆշորում կարող էին հանգրվանել Միհրան Պողոսյանն ու Իլհամ Ալիևը: Եվ այն, որ դա ամենևին պատահական հանգրվանում չէր, վկայեց հենց Միհրան Պողոսյանի պահվածքը, որը սկանդալային բացահայտումից հետո շտապեց հայտարարել, թե կապ չունի Ալիևի հետ, թեև գոնե այդ բանի համար նրան ոչ ոք չէր էլ մեղադրել:

Ի դեպ, հատկանշական է, որ Պողոսյանն այժմ Ռուսաստանում է, և ակնառու է, որ կա նրան չարտահանձնելու բավականին ազդեցիկ լոբբինգ: Բանն այն է, որ հայաստանյան թելերի, այսպես ասած, ապամոնտաժումը խորքային առումով անդրադառնալու է նաև ռուսական այդ շրջանակների ռուսական դիրքերի վրա:

Հայաստանը ռուսական, այսպես ասած, տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենթում ամենևին լոկ ֆորպոստ կամ կցորդ պետություն չէ, որ դիտարկվել է, այլ ևս ինդիկատոր իրենց հենց ռուսաստանյան դիրքերի համար: Եվ, եթե Հայաստանում թուլանում է իրենց դիրքերը, նրանք անհանգստանում են ոչ թե լոկ «ֆորպոստը» կորցնելու համար՝ որովհետև Հայաստանի նոր իշխանությունը բացարձակապես չի դրել Ռուսաստանի հետ հարաբերությունը խզելու խնդիր և հակառակը՝ հավաստել է այն ավելի խորացնելու անկեղծ պատրաստակամությունը, այլ «մայր հողը», այսինքն՝ Ռուսաստանում իրենց դիրքերը կորցնելու համար:

Նրանք մտավախություն ունեն, որ Հայաստանում իրենց թելը կտրելու դեպքում, իրենք կընկնեն Ռուսաստանում:

Հայաստանում նրանք փորձում են փրկել շատ ավելի թանկ բան՝ իրենց դիրքերը Ռուսաստանում, որտեղ ակնառու են ներիշխանական համակարգում ճգնաժամի և ներքին պայքարի խորացման միտումները:

Դա նշանակում է, որ նրանք կարող են անել հնարավորը Հայաստանի դեմ քաղաքական ակտերի և տարբեր ճնշման այլ գործընթացներ սադրելու, կազմակերպելու կամ հրահրելու համար: Այդ իմաստով, Հայաստանը պետք է պատրաստվի դիմադրության, սակայն ոչ առճակատման: Մարտի 1-ի վերաբերյալ տեղեկությունը, նաև Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի ստեղծումը Հայաստանի դիմադրության ռեսուրսներն են՝ առճակատման ռեսուրսի և նպատակահարմարության բացակայության պայմաններում: Իսկ օլիգարխներն ու Ռոբերտ Քոչարյանը թերևս պետք է որոշեն՝ արդյոք նոր իշխանության հետ ունեցած շահերի բախումը վերածելո՞ւ են Հայաստանի դեմ պայքարի, թե՞ այդուհանդերձ կմիանան Հայաստանի դիմադրությանն ու այդպիսով կստանան նաև պատմական «ինդուլգենցիան» Հայաստանի դեմ մոտ երեք տասնամյակ գործածի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...