Հայկ Գևորգյանը եկամտային հարկի համահարթեցման դեմ բողոքի ակցիան համարում է ուղղորդված

- in Տնտեսական

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ ԱԺ-ի դիմաց եկամտային հարկի նախատեսվող համահարթեցման դեմ բողոքողներն իրականում գաղափարական խնդիր չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգյանը նման տեսակետ հայտնեց հունիսի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Գևորգյանը նախ նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ փորձել է խոսել այդ երիտասարդների հետ, սակայն,  իր խոսքով, նրանց առաջնորդողները թույլ չեն տվել լսել իրեն:

«Ինձ համար ակնհայտ է, որ գաղափարական խնդիր չկա համահարթեցման հետ կապված: Իրենք այդ խնդիրը չունեն հաստատ: Եթե իրենք հարուստ են համարում նրան, ով ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, և դրա մոտ 1/3-րդը պետք է հարկ վճարի, ու իրենք համարում են, որ դա ճիշտ է, թող դա մնա իրենց խղճին: Իրենց որպես հարուստ չեն տեսնում օլիգարխներին, որպես հարուստ տեսնում են, օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին»,-նշեց Գևորգյանը:

Նա նշեց, որ այլևս չի պատրաստվում  բողոքողներին լսել:  «Նրանք շատ ուղղորդված վերցրել են հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մեկ հատվածն ու փորձում են ստեղծել սխալ տպավորություն, թե ժողովուրդը դժգոհ է: Դա իրականության հետ կապ չունի»,-նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ եկամտային հարկը թեթևացնելով՝ բեռը տեղափոխում են հարստության վրա, հարկելու են հարստությունը, գույքը: