Հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամը. նա վստահ է, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կապ ունեն (լուսանկար)

- in Հասարակություն
cec

Մերժված ռեժիմի մնացուկներն անցել են սադրանքների: Սոցցանցային տիրույթում մանիպուլյացիաների ու կեղծ լուրերի միջոցով հաջողության չհասնելով՝ իրենց հոգեհարազատ ֆիզիկական բռնության մեթոդին են վերադարձել:

Այսօր հարձակման է ենթարկվել ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը, որը լուրջ կասկածներ ունի, որ ծեծի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի հետ առնչվող անձինք են:

Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են իր դեմ կիրառված բռնության հետքերը: Սա, ի դեպ, նրա վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջին անգամ Վարդան Հարությունյանի վրա դիմակավորված անձինք հարձակվել են մայիսի 19-ին:

«Աշխատանքի վայրում էի, դուրս եկա, հետնադռնի մոտ մի քանի քայլ գնացի եւ առանց բառ խոսելու՝ մի քանի հոգով հարձակվեցին վրաս: Սրանից մի քանի օր առաջ էլ էր նույն դեպքը տեղի ունեցել մեր շենքի մոտ՝ հարձակվել էին ինձ վրա, դիմել էի ոստիկանություն եւ մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա».- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Վարդան Հարությունյանը:

Մեր հարցին, թե ինչի՞ց է եզրակացրել, որ միջադեպը կապ ունի ՀՅԴ-ի հետ, Հարությունյանը պատասխանեց. «Դա միայն իրենց գործելաոճն է: Ես միշտ հրապարակային քննադատել եմ նրանց ու նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանին ազատ արձակելու օրն էլ Ազատության հրապարակում մասնակցել եմ նրան ազատ արձակելու դեմ իրականացված հանրահավաքին»:

Հարությունյանը ներկա է եղել, երբ այդ ակցիայի ժամանակ միջադեպ եղավ Հրանտ Մարգարյանի հետ: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնողները Ազատության հրապարակում թոռան հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին տեսնելուց հետո վանկարկել էին «դավաճան»:

ՀԱԿ անդամը ասաց, որ չի հասցրել ֆիքսել իրեն հարվածողների դեմքերը, սակայն տարածքում տեսախցիկներ կան եւ հնարավոր է պարզել՝ ովքեր են: «Միանգամից դեմքիս հարվածեցին եւ ես դեմքս պահեցի, որ շատ հարվածներ չստանամ: Հիմնականում գլխիս եւ դեմքիս են հարվածել»,- պատմեց Հարությունյանը: Նա դիմել է ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնից ՀԺ-ին փոխանցեցին, որ մայիսի 19-ին տեղի ունցած դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվել, արդյունքում մայիսի 30-ին՝ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (բացակայում է դիմողի բողոքը) քրեական գործի հարուցումը մերժվել է: Հարությունյանն ասաց, որ առաջին դեպքում ոստիկանությունից իրեն ասել են, որ հարձակված անձինք դիմակավորված են եղել ու գրեթե անհնար է պարզել, թե ովքեր են նրանք, ուստի, ինքը որոշել է բողոք չներկայացնել. «Սակայն առաջին դեպքից հետո ոստիկանները իմ անվտանգությունը չապահովեցին եւ հիմա եղավ երկրորդ դեպքը»,- ասաց ՀԱԿ անդամը:

Ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այսօրվա միջադեպի առնչությամբ ահազանգը ստացվել է, այս պահին ստուգում են: