Հանրապետական կուսակցությունը նախօրեին մանրամասն հայտարարություն – տեղեկանք էր պատրաստել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության առիթով: Խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի պաշտոնի վերաբերյալ նրա մեկնաբանությանը:

http://lragir.amՀՀԿ-ն փորձում էր Սահմանադրությանն արվող հղումներով հիմնավորել, որ Վահե Գրիգորյանը գնում է կամայական մեկնաբանման եւ հակասահմանադրական քայլի: Հակառակը հիմնավորելը Վահե Գրիգորյանի խնդիրն է, անշուշտ:

Բայց այստեղ ակնառու է քաղաքական-հեղափոխական բաղադրիչը, որը Հայաստանում հանգեցրել է իշխանափոխության: Գործնականում, մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իշխանափոխության վերջին փուլի՝ դատական իշխանութան փոփոխության մասին: Վահե Գրիգորյանի հայտարարությունը խոշոր հաշվով հենց այդ շրջանակում է:

Հատկանշական է, որ Հանրապետական կուսակցության տարածած հայտարարություն-տեղեկանքում նույնպես խոսվում է այդ մասին, իրավական նորմերի թվարկումից հետո արձանագրելով, որ տեղի ունեցողը մայիսին սկսածի շարունակությունն է:

ՀՀԿ-ն արձանագրում է, որ սահմանադրական ճգնաժամի ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ինքը շարունակելու է հետեւողական պայքարը երկրում օրինականության ու սահմանադրականության պահպանման ուղղությամբ:

ՀՀԿ-ն իր հայտարարությունը բաժանել է երկու մասի: Առաջին մասը՝ իրավական տեղեկանքի բաժինը, որը գործնականում նախորդ իշխող համակարգի արձանագրումն էր, որովհետեւ դա նախորդ համակարգի իրավունքի ամրագրումն էր:

Իրավունք, որը նշանակություն, արժեք եւ գործածություն ուներ բացառապես այդ համակարգի ներքին հարաբերություններում, եւ իրավունք, որը հանրայնորեն մերժված է արդեն ավելի քան մեկ տարի:

Հայտարարության երկրորդ մասում ՀՀԿ-ն արձանագրում է նոր իրողությունը, գործող քաղաքական տրամաբանությունը եւ, սահմանելով Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը, փաստացի վերստին ճանաչում է նրա իշխանությունը, այդպիսով Հրայր Թովմասյանին ակնարկելով հեռանալու անհրաժեշտության մասին՝ ինչպես մեկ տարի առաջ հեռանալու որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը եւ հետո ստիպված եղան այդ որոշումը կայացնել նաեւ իրենք, դիմադրության փորձից հետո:

ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին հորդորում է չդիմադրել եւ հեռանալ, արձանագրելով, որ այժմ ունեն բոլորովին այլ գործառույթ՝ պայքարել օրինականության եւ սահմանադրականության համար: Հայաստանում օրինականության եւ սահմանադրական կարգի հաստատման համար կարեւոր է, որ ՀՀԿ-ն, որն այդ կարգի ոչնչացման հավաքական խորհրդանիշ է, լինի «ընդդիմություն» եւ «պայքարի»: Հայաստանի հանրության համար դա սահմանադրականության եւ օրինականության ուժեղ մոտիվատոր է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիաժզորությունները:

Արձանագրելով, որ

Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:

ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (ՀՀ նախագահի կողմից իր պարտավորությունների ստանձման օրը՝ 2018 թ․ ապրիլի 9-ը) նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրական դատարանի նախագահի մասով անգամ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի նեղ և գերտառացի մեկնաբանության ժամանակ ակնհայտ է դառնում, որ Հրայր Թովմասյանը, ով ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտի 21-ին, պետք է «շարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Սակայն նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի մյուս անդամներին: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել 2005 թ․փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը և տվյալ դեպքում սահմանադիրը ՍԴ անդամի և ՍԴ դատավորի միջև չի դիտարկում որևիցե տարբերություն։

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` թե՛Սահմանադրական դատարանի անդամի, թե՛ սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները նույն են` Սահմանադրական դատարանի կազմում իրականացնել սահմանադրական արդարադատություն:

Ըստ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի`Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

Եթե Վ.Գրիգորյանի մեկնաբաբնությունը ճիշտ լիներ, ապա դա կնշանակեր, որ 2018 թ. ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների տեղերը թափուր են և թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ դատավորների ընդհանուր ժողովը և թե՛ Կառավարությունը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեին երեքական դատավորի թեկնածու առաջադրելուն: Սակայն ակնհայտ է, որ այդպես չէր, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում նման անհեթեթ ձևով մեկնաբանել Սահմանդրությունը: Սակայն քաղաքական իրողությունները թերևս թելադրեցին ոմանց, որ պահը եկել է Սահմանադրության նոր ձևախեղման:

Ավելին,Վ․ Գրիգորյանի կողմից նշված փաստարկների տրամաբանությունից ելնելով՝ պետք է հանգենք այն աբսուրդ եզրակացության, որ Հայաստանում գործում եներկու Սահմանադրական դատարան. մեկում պաշտոնավարում են ՍԴ անդամները, իսկ մյուսում՝ ՍԴ դատավորները։ Իրավունքում կա տրամաբանական եզրահանգման ձև, որըկոչվում է reductio ad absurdum: Եթե նորմի որևէ մեկնաբանություն արդյունքումհանգեցնում է աբսուրդի (օրինակ` երկու ՍԴ ունենալ), ապա նորմի այդ մեկնաբանությունը չի կարող ընդունելի լինել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

Նշված զարգացումները երկրում սահմանադրականությունը խարխլելու գործող իշխանությունների ջանքերի և դատական համակարգի հանդեպ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս մայիսին սկսված հարձակումների շարունակությունն են:

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը երկրում Սահմանադրության և օրինականության պահպանման ուղղությամբ՝ ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ միջազգային հարթակներում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...