Հիասթափություն Հայաստանում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը փչացրեց երեկոն

- in Ով ով է ...

Որքան հասկանում ենք, պատգամավորը պարզապես շփոթել է կոճակը քվեարկության ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինը, բրիֆինգի ժամանակ պատասխանելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկության մասին հարցին:

http://lragir.amԵԽԽՎ-ում քվեարկվել էր ՌԴ պատվիրակության լիազորությունը վերականգնելու հարցը: Հայկական պատվիրակությունը քվեարկել էր կողմ, բայց ոչ ամբողջ կազմով: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը քվեարկել էր դեմ, սակայն հետո պարզաբանել, որ դա տեխնիկական վրիպակ է եղել եւ ինքը քվեարկությունից անմիջապես հետո տեղեկացրել է ԵԽԽՎ քարտուղարությանը, ճշտելով դիրքորոշումը եւ արձանագրելով, որ դեմ է քվեարկել սխալմամբ: Ռուբինյանը նաեւ լուսանկար էր հրապարակել ՌԴ պատվիրակության ղեկավարի հետ, հավելելով, թե չկա որեւէ թյուրըմբռնում եւ պատրաստվում են նաեւ «մերձեցման երեկոյի»:

Ինչպես է անցել երեկոն, ի դեպ, մանրամասներ հայտնի չեն: Փոխարենը, Ռուբինյանի քվեարկությունից օգտվելով, հայաստանյան մի շարք շրջանակներ փորձեցին կազմակերպել միաժամանակ Հայաստանի «ստորացման երեկո» եւ Ռուսաստանի նկատմամբ «քծնանքի երեկո», փաստացի մատնագրեր գրելով Ռուսաստան՝ հայկական պատվիրակության ղեկավարի «հակառուսական քվեարկության» վերաբերյալ:

Երեւույթն անշուշտ նոր չէ: Իբրեւ երեւույթ տարածված է Հայաստանում ընդհանրապես, երբ մի շարք շրջանակներ սեփական կյանքն էին դասավորում Ռուսաստանին «մատնելով» Սերժ Սարգսյանին: Ներկայում այդ շրջանակները նույնն են անում Նիկոլ Փաշինյանի հանդեպ, եւ նրանց միացել են նաեւ խմբեր ու շրջանակներ, որոնք այն ժամանակ Սերժ Սարգսյանին էին փորձում պաշտպանել այդպիսի «մատնագրերից»:

Երեւույթն ունի իհարկե նաեւ ռուսական շարունակություն, որի դերակատարներն էլ անցնող տարվա ընթացքում Հայաստանի հանրությանը լավ ծանոթ են դարձել:

Ինչպես ցույց է տալիս ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը, «ստորացման» եւ «քծնանքի» համատեղ երեկոն կարծես թե չի ստացվել:

Իհարկե, ինքնին վիրավորական է, երբ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ Հայաստանի պատգամավորի քայլում չեն տեսել որեւէ խնդիր, կարծես թե ունեն այդ քայլերը ռեվիզիայի ենթարկելու իրավունք: Մյուս կողմից, հասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք, ի դեմս Ռուսաստանի, իր մեծապետական բարդույթներով եւ դրանց գումարվող ներկայիս լրջագույն խնդիներով պայմանավորված անկումային հոգեբանությամբ:

Այդուհանդերձ, խորքային առումով Մոսկվան հետ նետեց «մատնագիրը», կամ դրա խիստ ցածրորակ լինելու պատճառով, կամ պարզապես ավելի խորը պատճառներով, որոնք ընկած են առավել լայն քաղաքական հանգամանքների տիրույթում եւ իրենց ազդեցությունն են թողնում նաեւ հայ-ռուսական հարաբերության հարցում ՌԴ քաղաքական մոտեցումների ձեւավորման վրա:

Ի վերջո, այդ «մատնագրերը», այդ թվում հենց ռուսական շրջանակներից, այդ մոտեցումների վերաձեւավորման առաժմ գուցե ոչ շատ ուժեղ դրսեւորվող, բայց նկատելի գործընթացի հետեւանք են, կասկածի հետեւանք, որ իրենց աստիճանաբար կարող են դուրս թողնել խաղից: Մինչդեռ այն որքան եկամտաբեր էր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան