Հիմա ո՞վ է ՍԴ նախագահը՝ Վահե Գրիգորյա՞նը, թե Հրայր Թովմասյանը

- in Հասարակություն

Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, «անդամներ, դատավորներ», այս եզրույթները պետք է դեռևս բացահայտվեն բոլորիս համար:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Հարցին, թե իրենց համար ով է այսօր ՍԴ նախագահ՝ Վահե Գրիգորյա՞նը, թե Հրայր Թովմասյանը, նա պատասխանեց, որ ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր: «Իսկ ՍԴ-ում երկու դատավորից բացի ուրիշ դատավորներ կա՞ն այսօր»,- հարցադրում արեց նա:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ իշխող քաղաքական ուժը որևէ որոշում չունի որևէ դատարանի դատավոր փոխելու կամ չփոխելու վերաբերյալ և չի էլ կարող ունենալ, որովհետև դա իշխանության լիազորություններից չի բխում:

«Երբ Վահե Գրիգորյանն իր հայտարարությունը արեց, ասաց՝ ես հիմա գնում եմ Սահմանադրական դատարան և քննարկեմ այս հարցը իմ գործընկերների հետ: Հետո ինքը ասաց, որ դեռ չի ցանկանում դա մեկնաբանել: Այսինքն՝ հենց հայտարարություն կատարած անձն ասաց՝ ես չեմ ցանկանում դա մեկնաբանել, որոհետև դեռևս քննարկումների փուլ է: Հրայր Թովմասյանը նույնպես չանդրադարձավ այս հարցին: Այսինքն՝ այն մարմինը, որին վերաբերում են ձեր հարցերը, ասում է՝ մենք քննարկումների մեջ ենք, որևիցե մեկնաբանություն կարող է այդ քննարկումների բովանդակությանը, լրիվությանն ու արդյունավետությանը խանգարել: Եթե այդ սուբյեկտները չեն ցանկանում քննարկել հարցը, որքանո՞վ է ճիշտ մենք մեկնաբանություններ անենք»,- ասաց Սուրեն Գրիգորյանը: