ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մարդկային ներուժի խթանումը

- in Տնտեսական

Հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է Դիլիջանում:

Ներկա են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, ովքեր հանդես կգան բացման խոսքով: Ելույթով հանդես կգան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, ինչպես նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին:
Ելույթով հանդես կգա նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նրա վրացի գործընկերը և այլք: Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը:

Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից:

Հայաստանը և Վրաստանը միասին անցել են պատմության տարբեր մարտահրավերների միջով, երկու ժողովուրդներին միավորող քաղաքակրթական ժառանգությունն ահռելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ համար ընդհանուր է նաև այն, որ դարեր շարունակ մեր ժողովուրդները հայտնի են եղել իրենց գործարար տաղանդով: Այսօր կառավարությունների խնդիրն է ստեղծել միջավայր, որը հայ և վրացի գործարարների համար կստեղծի հաղթական իրավիճակ և թույլ կտա համատեղ նախաձեռնություններով հարստացնել մեր ընդհանուր պատմությունը: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների ամփոփումից հետո  ջերմ մթնոլորտում սկսում ենք հայ-վրացական գործարար համաժողովի աշխատանքները: Մենք մեծապես կարևորում ենք գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ համոզված լինելով, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղներն արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին»,- ասաց Ավինյանը:

Նա հավելեց, որ երկու երկրների միջև ընթանում է բավական ակտիվ երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: «Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք իրագործմանը: Ակնհայտ է, գործարար համաժողովը սրա համար լավագույն ձևաչափերից մեկն է: Գործարար համայնքների միջև փոխհարաբերությունները սկզբունքային դեր են խաղում միջպետական տնտեսական կապերի ձևավորման և զարգացման համար: Փոխադարձաբար մեր երկարատև տնտեսական համագործակցության երաշխիքն է նաև հանդիսանում առկա փոխվստահության մթնոլորտը, որը մեր ժողովուրդների պարագայում ունի պատմական խորը արմատներ»,- նշեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ գործարար ֆորումը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն  կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ, և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը: Այս երևույթը չափազանց դրական է, և, բնականաբար, ակնկալում ենք առաջիկայում տեսնել ավելի շոշափելի արդյունքներ: Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առկա վիճակը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ գործնական համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու: Այս առումով մենք լավ հնարավորություններ ենք տեսնում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար:  Համատեղ աշխատելու հնարավորություններ կան նաև զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես, երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով: Կարծում ենք, որ հայ և վրաց գործարարների միջև արդյունավետ համագործակցությունը կարող է դրականորեն ազդել Հայաստանում և Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը»,- մանրամասնեց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ այսօր ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Մենք ցանկանում ենք ստեղծել նորարարական և ներառական տնտեսական համակարգ, որն առավելագույն  չափով կօգտագործի մեր ժողովրդի  ստեղծագործ ներուժը: Այս առումով մենք արդեն արձանագրել ենք մի շարք նվաճումներ, և, եթե միայն թվարկեմ մի քանիսը, ապա նախորդ տարի, քաղաքական բոլոր գործընթացները հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ՀՆԱ-ի 5.2 տոկոս աճ: այս տարի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմեց 7.1 տոկոս, ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 9.2 տոկոս, մայիս ամսվանը կազմեց՝ 7.3 տոկոս: Կուզենայի նաև ընդգծել, որ այս աճերն ունեն նաև որակական փոփոխության կոմպոնենտ, և սա այն իներցիոն աճերը չեն, որ նախկինում են եղել»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում արտասահմանյան ներդրումների համար՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա, որն ունի ավելի քան 183 միլիոն սպառող և ընդհանուր համախառն ներքին արդյունքը մոտավորապես 1.6 տրիլիոն դոլար է:

Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում է կրթական ոլորտի զարգացումը և մարդկային ներուժի խթանումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին տարիներին Հայաստանում աճի բարձր տեմպեր են գրանցվում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային ոլորտներում, որոնք զարգանում են հենց մասնագիտական հիմքի վրա»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերը նվիրված էին Հայաստանի և Վրաստանի համագործակցության համար նոր հորիզոնների բացահայտմանը: «Երեկ հաջողությամբ իր աշխատանքներն ավարտեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, որի ընթացքում քննարկվեց մեր երկկողմ տնտեսական գրեթե ողջ օրակարգը ներառող հարցերի լայն շրջանակ, նախանշվեցին առաջիկա համագործակցության հիմնական ուղղություններն ու անելիքները: Չնայած որ համաժողովը ներառում էր զուտ առևտրատնտեսական օրակարգ՝ մենք անդրադարձ կատարեցինք կրթական, առողջապահական, հումանիտար այլ ծրագրերի և իրապես օրակարգը լեցուն էր և համապարփակ: Այսօր էլ իր աշխատանքներն է սկսում հայ-վրացական գործարար համաժողովը, որը պետք է բացահայտի երկկողմ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններն ու ուղղությունները»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Ավարտելով ելույթը՝ ՀՀ փոխվարչապետը հաջողություն և արդյունավետ քննարկումներ մաղթեց գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին: