ՀՀ նախագահը նշանակել է նախարարներ

- in Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել:

Մասնավորապես, Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը․

«Մեծագույն պատիվ եւ պատասխանատվություն: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեցի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար»,- մասնավորապես գրել է նախարարը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ էր ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:

Վարչապետի որոշմամբ` կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը:

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների եւ վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս գործընթացին արդեն հաջորդում են համապատասխան նշանակումները: