ՀՀ վարչապետի և նախագահի աշխատակազմերն ու ԱԺ-ն մեծ խնայողություններ են արել ու գումրը վերադարձրել պետբյուջե

- in Պաշտոնական
Dram

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018-ին պետբյուջեով իրեն հատկացված 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամից ծախսել է ընդամենը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամը: Մոտ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը աշխատակազմը համարել է ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել  այլ ծրագրերի իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի 2018-ի բյուջեն ձևավորվել է կառավարության և նախագահի աշխատակազմերի միաձուլման արդյունքում: Ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: Աշխատակազմի պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 643 մլն 597 հազար դրամ: 2018-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարման պլանը կազմել է 86.1 տոկոս: Ծախսերն ավելացել են հիմնականում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների, վարձակալության, արտասահմանյան գործողումների գծով, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումների և այլ ծախսերի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխված Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի համար նախատեսված սուբսիդիայի գումարի շրջանակներում»,-ներկայացրեց Աղաջանյանը:

Ավելացել է նաև Կարողությունների զարգացում ծրագրի ծախսը: Պլանը տարեսկզբին կազմել է 3 մլն դրամ, իսկ ճշտված պլանը միաձուլումից հետո 160 մլն դրամ: Եվ տարեվերջին դրամարկղային ծախսը կազմել է 102 մլն դրամ: «Տարբերությունը մեծապես պայմանավորված է, որ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը համարել ենք ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել ենք այլ ծրագրերի իրականացման համար»,-նշեց աշխատակազմի ղեկավարը:

2018-ի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակում առաջացել են տնտեսումներ, որոնց գերակշիռ մասը դրամաշնորհային և վարկային ծրագրերից են: Տնտեսումները առաջացել են մրցույթների արդյունքում խնայողություններից, որոշ ծրագրերի կառավարման խորհրդի և աշխատանքային խմբի վերակազմավորման պատճառով ծրագրերի հաստատման, հետևաբար նախագծերի մշակման ուշացմամբ: Նշված ծրագրերի աշխատանքների կատարումը ամբողջ ծավալով չի իրականցվել, և աշխատանքների մի մասը տեղափոխվել է 2019թ:

ՀՀ ազգային ժողովը 2018 թվականին պետբյուջեից հատկացված 4 մլրդ 900 մլն 141 հազար  դրամից ծախսել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամը: Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական  ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ ազգային ժողովի 2018 թվականի հաստատված բյուջեն հինգ ծրագրի գծով կազմել է 4 մլրդ 899 մլն 441 հազար դրամ: Տարվա ընթացքում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համադրմամբ պարգևատրմամբ խրախուսելու նպատակով ՀՀ կառավարութան պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլն 299 հազար դրամ: Դրա արդյունքում ԱԺ ճշգրտված բյուջեն կազմել է 4 մլրդ 900 մլն 141 հազար  դրամ: 2018թ. փաստացի ծախսը կազմել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամ կամ բյուջեն կատարվել է 91.8 տոկոսով՝ մի շարք ծրագրային միջոցառումներով »,-ներկայացրեց Գալստյանը:

Աշխատակազմի և պատգամավորների պահպանում ծրագրի մասով 2018թ. ճշտված  բյուջեն կազմել է 4 մլրդ 456 մլն 110 հազար դրամ, ծախսվել է 4 մլրդ 64 մլն 780 հազար դրամ, որից 2 մլրդ 946 մլն դրամը՝ 72.5 տոկոսը կազմում է աշխատանքի վարձատրությունը, իսկ 1 մլրդ 118 մլն դրամը մնացած ծառայությունները՝ կոմունալ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր և այլն: Բյուջեն այս մասով կատարվել է 91.2 տոկոսով, շեղումը կազմել է 391 մլն 330 հազար դրամ, որից 281 մլն դրամը բաժին է ընկնում արտասահմանյան գործողումներին և ներկայացուցչական ծախսերին: «Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական  ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարել»,-նշեց Գալստյանը:

2017թ. նկատմամբ 2018թ.  փաստացի ծախսը պակասել է 74 մլն 932 հազար դրամով կամ 1.81 տոկոսով: 0.8 տոկոսով նվազել է աշխատավարձը՝ կապված 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորական թվի փոփոխությամբ և հաստիքների կրճատմամբ:

Նա շեշտեց, որ աշխատակազմի ներկա ղեկավարությունը միայն տվյալների արձանագրող է, այսինքն` չի իրականացրել 2018թ. բյուջեն:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է  1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, մնացածը վերադարձվել է պետբյուջե:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

«Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-ներկայացրեց Տարասյանը:
Նախագահի աշխատակազմը 2018 թվականի  ընթացքում ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը: Տարասյանը նշեց, որ, մասնավորապես, վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենքներ, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել ընդհանուր առմամբ 585 հրամանագիր և կարգադրություն:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...