Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը թերեւս սկսել է կիրառել «փափուկ ուժը», որի մասին հայտարարել էր դեսպանի լիազորությունները ստանձնելուց հետո:

Նա հանդիպումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստան-Արցախ ռազմավարական ֆորումի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի ու Դավիթ Շահնազարյանի հետ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս հանդիպումներն առանձնահատուկ երանգ են ստանում եւ նույնիսկ ՀՀ ԱԳՆ մակարդակով գնահատվել են որպես միջամտություն ներքին գործերին:

Հետխորհրդային երկրներում, որտեղ տեղի են ունենում աշխարհքաղաքական վեկտորների փոփոխություններ, Ռուսաստանը սովորաբար միջամտում է Պուտինի մակարդակով: Ուկրաինայի մասին թերեւս ավելորդ է խոսել: Մոլդովայում Պուտինը աջակցում է նախագահ Դոդոնին, ով կողմ է եվրասիական ինտեգրմանը, ի տարբերություն գործադիր իշխանության, որը եվրաինտեգրման քաղաքականություն է վարում: Սակայն Մոսկվան օրերս միացավ ԱՄՆ-ի ու Եվրոպայի «կոալիցիային», եւ Մոլդովայից փախավ երկրի քաղաքական մի շարք ինստիտուտներ յուրացրած օլիգարխ Պլախոտնյուկը, որն իր գործողություններով ներքաղաքական ճգնաժամ էր առաջացրել երկրում:

Վրաստանում Պուտինը նույնպես միջամտում էր անձամբ, եւ միջամտեց նաեւ վերջին իրադարձությունների ժամանակ, արգելելով ավիաթռիչքները դեպի այդ երկիր: Այդ իրադարձությունները Մոսկվայում գնահատվեցին որպես հակառուսական ակցիաներ: Ռուսաստանի շատ փորձագետներ սակայն զարմացած են՝ ինչու է Մոսկվան արձագանքում ընդդիմության ելույթներին:

Հայաստանում ռուսական միջամտությունը սակայն տեղի է ունենում դեսպանի միջոցով: Արդյոք պատճառն այն է, որ Հայաստանում տեղի ունեցողը աշխարհքաղաքական կողմնորոշման հարց չէ, կամ Հայաստանը նվազ կարեւոր է դիտվում Ռուսաստանի համար: Մյուս կողմից, Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ դիֆերամբներ էր հղում Նիկոլ Փաշինյանին:

Հնարավո՞ր է՝ Հայաստանին նոր դեր է հատկացվում խոշոր քաղաքական տեղաշարժերում, կամ ավելի է կարեւորվում այն դերը, որի շուրջ կոնսենսուս կա ուժային գրեթե բոլոր կենտրոնների կողմից: Եվ այս համատեքստում, Հայաստանում ռուսական միջամտությունը տեղի է ունենում դեսպանի մակարդակով եւ միտված է լիովին այլ խնդրի լուծմանը, կամ արդյունքում բերելու է դրան: Դա կերեւա առաջիկայում, այդ միջամտության արդյունքներից:

Երբ ՌԴ նախկին դեսպան Վոլինկինին փոխարինեց Կոպիրկինը, խոսվեց Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության փոփոխության մասին: Վոլինկինը գործում էր կոշտ, հիմնականում ստվերային միջամտությամբ, աշխատեցնելով նաեւ ռուսական ագենտուրան եւ կրեատուրան Հայաստանում, որի հետեւանքը եղավ ռուսական քաղաքականության էլ ավելի վարկաբեկումը: Կոպիրկինը հայտարարեց «փափուկ ուժի» մասին եւ գործում է բավական բաց ու թափանցիկ:

Պետք է նշել եւս մեկ հանգամանք՝ «փափուկ ուժը» մի տեսակ չի տեղավորվում ռուսական քաղաքականության ավանդույթների ու բնույթի մեջ: Հայաստանում, այս առումով, Ռուսաստանը գուցե փորձարկում է այդ մեթոդը, մի կողմից փորձելով համարժեք լինել հայկական իրողություններին, մյուս կողմից՝ անցնել այդ մեթոդին տարբեր ուղղություններով, քանի որ կոշտ ու կացնային մեթոդների համար ներկայում արդեն չունի ուժ եւ կարողություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...