Հույս տվե՞լ է Հրայր Թովմասյանին ՌԴ դեսպանը

Hrayr Tovmasyan

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հյուր է գնացել Հայաստանում ՌԴ դեսպանը: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ հանդիպումը եղել է դեսպանի նախաձեռնությամբ:

http://lragir.amԴեսպան Կոպիրկինը Հրայր Թովմասյանի հետ է հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից յոթ օր անց: Յոթը շատերի համար խորհրդանշական թիվ է, թեկուզ օրինակ այն պատճառով, որ աշխարհը արարվեց յոթ օրում:

Ինչ արարեց ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ աղմկոտ հանդիպումից յոթ օր անց, Հրայր Թովմասյանի հետ հանդիպում նախաձեռնելով: Արդյոք դա դեսպանի պատասխանն էր Հայաստանի ԱԳՆ-ին, ուր նրան հրավիրել էին Քոչարյանի հետ հանդիպման հաջորդ օրը եւ «զրուցել ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»: Դա աննախադեպ քայլ էր, որից հետո ի դեպ եղան նաեւ գնահատականներ, թե ինչու՞ օրինակ նույն կերպ ԱԳՆ զրույցի չեն հրավիրվում արեւմտյան երկրների դեսպանները, որոնք հանդիպում են տարբեր գործիչների հետ:

Զուտ ընթացակարգային տեսանկյունից հարցը օրինաչափ է: Բայց քաղաքական օրգանականության առումով էլ ակնհայտ է, որ ՌԴ դեսպանը ԱԳՆ է հրավիրվել ոչ թե զուտ հանդիպման փաստի, այլ դրա վերաբերյալ որոշակի տեղեկատվության հիման վրա:

Դրա մասին է վկայում այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես չէր բարձրաձայնել դեսպանին զրույցի հրավիրելու մասին: Դա տեղի էր ունեցել հունիսի 14-ին, մինչդեռ հունիսի 17-ին միայն բարձրաձայնվեց, որ եղել է հրավեր եւ զրույց:

Այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես չէր բարձրաձայնել ՌԴ դեսպանին հրավիրելու մասին, հուշում էր, որ Երեւանն ամենեւին չի ունեցել ինքնապատակ քայլի կամ շոուի շարժառիթ, այլ եղել է իսկապես կոնկրետ հանգամանքի վրա կառուցված զրույց, եւ Երեւանի համար խնդիրը եղել է շատ կոնկրետ եւ առարկայորեն քննարկելն ու այսպես ասած միմյանց հասկանալը, ոչ թե հրապարակային աղմուկը: Այլապես, դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին կբարձրաձայնեին անմիջապես, ոչ թե երեք օր անց՝ հունիսի 17-ին:

Եվ այն, որ երեք օր անց այդուհանդերձ եղել է բարձրաձայնումը, հուշում է նաեւ, որ ԱԳՆ զրույցը չի թողել բավարար ազդեցություն, այսպես ասած փափուկ է եղել Հայաստանում Ռուսաստանի «փափուկի ուժի» քաղաքականության մասին խոսող Կոպիրկինի համար: Ըստ երեւույթին, հունիսի 14-ին ԱԳՆ-ում եղել է որոշակի պայմանավորվածություն հետագա ինչ-ինչ քայլերի մասով, որը սակայն ՌԴ դեսպանատունը խախտել է կամ արել է ոչ լիարժեք, ինչն առաջացրել է ԱԳՆ-ում զրույցի մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն:

Հնարավոր է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ դեսպանի «նախաձեռնությամբ» հանդիպումը նույնպես վկայում է այն մասին, որ դեսպանն «արհամարհում» է ԱԳՆ-ում եղած զրույցը:

Դա Ռուսաստանի՞ց է գալիս՝ այսինքն ավելի վերեւից, թե՞ նա այդուհանդերձ «դիմադրում» է սեփական ուժերով, բարդ է ասել: Այդ իմաստով հետաքրքիր կինի, եւ թերեւս ինդիկատոր կլինի պաշտոնական Երեւանի արձագանքը Հրայր Թովմասյանի հետ Կոպիրկինի հանդիպմանը: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Երեւանը կոշտ արձագանքեց՝ ոչ միայն ԱԳՆ հաղորդագրությունը եղավ, այլ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ չի ողջունում այդ քայլը:

Ի՞նչ արձագանք կլինի Հրայր Թովմասյանի դեպքում: Միաժամանակ, դա գուցե կախված է այն հանգամանքից, թե ինչ փուլում է Թովմասյանի հրաժարականի հարցը: Անկասկած է, որ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրումից իսկ այդ գործընթացը սկսված է:

Հատկանշական է, որ Հրայր Թովմասյանն այդ ընթացքում մեկնել էր Արցախ, հանդիպել Բակո Սահակյանի հետ: Բայց, դատելով ՌԴ դեսպանի հետ հանդիպման փաստից, Բակո Սահակյանն այն ժամանակ որեւէ հույս չի տվել Հրայր Թովմասյանին, գուցե ասելով, որ Ռոբերտ Քոչարյանին միջնորդելն առավելագույնն է, որ ինքը կարող էր անել:

Հույս տվե՞լ է Հրայր Թովմասյանին ՌԴ դեսպանը, թե՞ նա էլ Թովմասյանին ասել է, որ իրենց առավելագույնը Ռոբերտ Քոչարյանն է եւ Թովմասյանը թող իզուր հույսեր չկապի Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից, իսկ Ռուսաստանը Հրայր Թովմասյանի հետ հույս կապու՞մ է: Կարո՞ղ է դրա վկայություն լինել դեսպան Կոպիրկինի այցը ՍԴ՝ Ռոբերտ Քոչարյանին այցից յոթ օր անց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան