Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

- in Տնտեսական
Dram

ՀՀ Վիճակագրական կոմիտեն նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփմամբ հրապարակել է հունվար-մայիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ այդ տվյալների՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա հունվար-մայիսին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.3 տոկոսով:

16.5 տոկոսով աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում։ Ծառայությունների ոլորտի ծավալը հունվար-մայիսին կազմել է 737.3 մլրդ դրամ:

Առեւտրի ծավալներն աճել են 9.4 տոկոսով։ Առեւտրի շրջանառությունը 1.15 տրլն դրամ է։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 733.1 մլրդ դրամ՝ աճելով 5.6 տոկոսով։

Շինարարության ոլորտի աճը կազմել է 6.1 տոկոսով, իսկ ծավալները՝ 97.3 մլրդ դրամ։

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով, 6.4 տոկոս՝ պետական սեկտորում, 3.6 տոկոս մասնավոր:

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 1.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.5 տոկոսով:

7.4 տոկոսով նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Արտաքին աեւտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 2.851 մլրդ դոլար՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 2.6 տոկոսով։

Արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 961 մլն դոլար՝ կրճատվելով 0.9 տոկոսով։ Իսկ նեմուծումը նվազել է 3.4 տոկոսով՝ կազմելով մոտ 1.9 մլրդ դոլար։

Միայն մայիսի տվյալներով՝ արտահանումը դրական դինամիկա ունի։ Մասնավորապես, այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 11.7 տոկոսով։ Իսկ ներմուծումն անկում է ապրել 10.5 տոկոսով։

Չկա գյուղատնտեսությանը վերաբերվող տվյալներ, քանի որ դրանք հրապարկվում են միայն եռամսյակային պարբերականությամբ: