Hrayr Tovmasyan

ՍԴ բոլոր դատավորները՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի, հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի իրենք չենք արձագանքում դրանց։

Նաև նշվում է, որ ՍԴ-ն աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

ՍԴ այս հայտարարությամբ, ըստ էության, մերժվում է Վահե Գրիգորյանի հնչեցրած ու իշխանության շատ ներկայացուցիչների կողմից պաշտպանված այն պահանջը, որ ՍԴ գործող կազմը պետք է փոխվի լեգիտիմություն չունենալու հետևանքով։ Հայտարարությունն, ըստ էության, բացահայտում է, որ ՍԴ նոր անդամը չի կարողացել համոզել մյուս ութը դատավորներին ու, թերևս, դրանով է բացատրվում նրա ստորագրության բացակայությունը փաստաթղթի տակ։ ՍԴ անդամների հայտարարությունն, ըստ էության, ազդարարում է, որ Հրայր Թովմասյանն ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլ նաև բոլոր հնարավոր մեթոդներով շարունակելու է պայքարը, ու կասկածից վեր է, որ ՍԴ-ն առաջիկա ամիսներին դառնալու է հին ու նոր համակարգերի պայքարի հիմնական թատերաբեմ, ինչն, անշուշտ, ենթադրում է դրամատիկ զարգացումներ, որոնք չեն սահմանափակվելու միայն Բարձր դատարանով։

Ուշագրավ է, որ ՍԴ անդամները հայտարարություն տարածեցին, երբ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Վահե Գրիգորյանի նամակի մասին։ Ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Եթե ՍԴ անդամները Գրիգորյանի նամակին օպերատիվ պատասխան են տվել, ապա կառավարությունում այն դեռ ուսումնասիրման փուլում է, համենայնդեպս՝ նման տեղեկատվություն է տարածել վարչապետի մամլո քարտուղարը։

Եթե անգամ Գրիգորյանի նամակի տեքստը չի հրապարակայնացվում, գրեթե ակնհայտ է դրա բովանդակությունն ու այն, ըստ ամենայնի, նույն տրամաբանության մեջ է, որի համաձայն՝ Գրիգորյանն իրեն հռչակել է ՍԴ նախագահ։ ՍԴ ներսում ու դրա շուրջ կրքերը թեժանալու են, որովհետև ՍԴ անդամները ոչ միայն հեռանալ չեն պատրաստվում, այլ նաև հերքում են, թե կառույցում գոյություն ունի ճգնաժամ։ «Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում»,- ասված է դատավորների տարածած հայտարարության մեջ, ինչն ինքնին ենթադրում է, որ Հրայր Թովմասյանն ու մյուսները ծայրահեղ դեպքում պատրաստ են քննության առնել Վահե Գրիգորյանի առաջարկությունը բացառապես իրավական-ընթացակարգային հարթության վրա՝ կայացնելով խիստ կանխատեսելի որոշում։

Մինչդեռ ակնհայտ է, որ ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը չի կարող բացառապես իրավական լուծում ստանալ, որովհետև կառույցի նկատմամբ հասարակության անվստահությունն անթաքույց է։ Լուծումները լինելու են քաղաքական ու այստեղ շատ կարևոր է, թե ինչ լուծումներ կգտնի իշխանությունը։

Արդյոք վեթինգը կարո՞ղ է կարգավորել խնդիրը։

Թերևս՝ այո, բայց դրա համար խիստ սկզբունքային է, որ խորհրդարանական մեծամասնությունը չշարժվի այն տրամաբանությամբ, որով առաջնորդվեց Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս։ Միակողմանի հայտարարություններով կամ ինքնահռչակումներով ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը չի կարող հաղթահարվել, ավելին՝ դրանք ավելի են բևեռացնում հանրային, քաղաքական տրամադրությունները։ Վեթինգը կարող է լինել ճգնաժամի հաղթահարման բանալի, եթե իշխանություններին հաջողվի դրա շուրջ ստեղծել համախոհության բարձր մակարդակ։ Հակառակ պարագայում՝ դատական ողջ ռեֆորմը կականապատվի, ինչն ամենևին էլ չի նպաստի դատական իշխանության լեգիտիմության վերականգնմանը։

Իհարկե, քաղաքական լուծումներ կարող են գտնվել նաև օրենսդրական կարգավորումներից անդին, ինչի լավագույն օրինակը տվեց Մոլդովան՝ բառացիորեն երեկ։ Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր 6 դատավորները հրաժարական են ներկայացրել: Հանրությունը պահանջել է Սահմանադրական դատարանի ամբողջ կազմի հրաժարականն այն բանից հետո, երբ Մոլդովայի գերագույն դատական ատյանը կայացրել է երկրում զանգվածային բողոքի ակցիաների և իշխանափոխության հանգեցրած վճիռներ:

Ընդ որում, Մոլդովայում վերջերս տեղի ունեցածը դասական իշխանափոխություն էր, ու դժվար է խոսել երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների մասին, սակայն Մոլդովայի ՍԴ անդամներն, ըստ էության, ենթարկվել են ինքնակամ վեթինգի՝ քաղաքական համակարգն ու երկիրը զերծ պահելով ցնցումներից։

Կգնա՞ն Հրայր Թովմասյանն ու մյուսներն այս ճանապարհով, թե՞ կդիրքավորվեն հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների ճամբարում՝ իշխանությանը դրդելով կոշտ հակազդեցության, որը կարող է գտնվել իրավունքի ու քաղաքականության սահմանագծին՝ լեգիտիմության որոշակի պրոբլեմներով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...