«Ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի». ANCA-ի «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս» գրառման մասին

- in Միջազգային
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կոստանդնուպոլսի։ 

ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երեւում էին Հայաստանի եւ Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում. «Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան այդ գրառման` Թոփչունը «Twitter»-ի իր էջում գրել է. «Հնարավոր չէ, որ դուք դա իրականացնեք։ Ասենք թե դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետեւ ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։

ANCA-ի հրապարակումը բավական մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։ Թեմային արձագանքել էր նաեւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը, ասելով, որ. «Ստամբուլը հավերժ է լինելու»: