Ճկռալով աշխատում ենք. Երևանի քաղաքապետը և Լույս խմբակցության ղեկավարը վիճեցին «Նիկոյանի հոր տարածքի» պատճառով

- in Հասարակություն

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում վեճ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և Լույս խմբացության ղեկավար Դավիթ Խաժակյանի միջև:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ գործակարգվարական խորհրդակցության ժամանակ այսօր իրեն զեկուցել են, որ Սանիտեք ընկերության վարձակալած տարածքում դարձյալ վեճ է եղել: «Մարդիկ եկել են, փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք»,- ասաց նա:

Քաղաքապետը դիմեց Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին. «Քանի որ դուք նախկին փոխքաղաքապետ Նիկոյանի հետ մոտ եք, նրա հայրն է վարձակալությամբ տարածքը տվել Սանիտեք ընկերությանը, խնդրում եմ, իրեն փոխանցեք, որ քանի որ ինքը դրա միջոցով գումար է աշխատում, ինքն իր կողմից նույնպես կարգավորումներ պետք է անի այդտեղ: Այսպես շարունակել հնարավոր չէ, եթե սխալվում, օդում կախված լուրերի համաձայն՝ դուք բավական մոտ եք պարոն Նիկոյանի հետ»:

Դավիթ Խաժակյանն ի պատասխան ասաց. «Նախ, սուրհանդակային ծառայություններով, փոխանցումներով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ նման կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Երկրորդ, անատամ և, հազար ներողություն արտահայտությանս համար, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն մեխն էլ է ձեր ձեռը, չագուճն էլ: Տարածքը վա՞տն է, քաղաքապետ եք, վարչապետն էլ ձեր ուժի ներկայացուցիչն է, ԱԺ մեծմասնություն են տվել, լուծեք էդ հարցը»:

Խաժակյանը նաև ասաց, որ ինքը համարում է, որ Սանիտեքն այդ տարածքից պետք է դուրս գա, ժամանակին դրա համար նաև ինքը բողոքի ակցիա է արել:

«Ինչ վերաբերում է պարոն Նիկոյանի հետ մեր աշխատանքային հարաբերություններին, ես ձեզ մի կարևոր բան եմ ցանկանում հիշեցնել: Պարոն Նիկոյանին դուք առաջարկել էիք լինել քաղաքապետի խորհրդական, և նախկին քաղաքապետի տեղակալներից պարոն Արեյանն է միայն այստեղ: Երբ դուք այդպիսի հայտարարություններ եք անում, ձեր հետագիծն էլ, անցած ճանապարհն էլ նայեք»,- ասաց Խաժակյանը:

Հայկ Մարությանը պնդեց, որ իր հորդորն ուժի մեջ է՝ Դավիթ Խաժակյանը պետք է գնա և Վահե Նիկոյանին ու նրա հորը փոխանցի իր ասածը:

«Այն, ինչ կապված է մեզ հետ, վստահեցնում եմ, բոլոր գործերը հերթով հանգիստ գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ, բոլոր գործերին հերթով ընթացք է տրվելու: Համենայնդեպս այն ընկերությունը, ում համար դուք դոշ եք տալիս, այլևս ունակ չէ ապահովելու Երևանի աղբահանությունը»,- հավելեց քաղաքապետը:

«Շատ ներողություն, ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ասացին, որ քուանշից հետո կապուտ էլ կա, ես ձեզ կապուտ եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Այնուհետև վեճ ծավալվեց Լույս և Իմ քայլը խմբակցությունների անդամների միջև, նրանք գոռգոռացին իրար վրա:

«Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ մարդիկ իրենց լավ են զգում, ժպտում են, ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ երկրում ազատություն է, ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր թափանցիկ ընտրություններ են լինում: Այդ ամենը նյարդայնացնող է, և մենք մեր օրակարգով շարժվում ենք առաջ»,- ավագանու Լույս խմբակցության անդամներին դիմեց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում 3-4 անգամ աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Եթե դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստքիները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենքԱյդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի: Այս պահին այս հաստիքացուցակը որ կա, շատ մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են,- ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ այս պահին չկա ոչ մի դիմում, որն օրենքից դուրս կամ նորմերի խախտմամբ է մշակվում, իսկ դա շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում:

Ավագանու Լույս խմբակցությունը առաջարկել էր կրճատել նաև Երևանի քաղաքապետի խորհրդականների հաստիքները: «Բայց այսօր դահլիճում տեսնում ենք երկու նոր խորհրդական, անակնկալ էր, նոր տեսանք դահլիճում»,- ավագանու նիստում ասաց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Երկու խորհրդական չէմեկն է»,- ասաց քաղաքապետ Հայկ 

Մարությանը:

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նիստում ներկայացրեց, թե ինչ կրճատումներ են եղել հաստիքացուցակում և ինչ նոր հաստիքներ են ավելացել:

Նրա խոսքով՝ փոփոխություններով պայմանավորված՝ վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն՝ 215 մլն դրամ: