Մասնակիցներից շատերը գլխի չեն ընկնում, թե իրականում ինչի են մասնակցում

- in Կեղտոտ լվացք

Վարչապետ Փաշինյանի՝ «սեւ հագուստներով» կազմակերպված խմբերի գործունեության մասին հայտնի հայտարարությանը նրա քաղաքական ընդդիմախոսները պատասխանեցին հերթական ֆլեշ-մոբով․ սկսեցին սոցկայքերում սեւ հագուստներով լուսանկարներ հրապարակել՝ համապատասխան մեկնաբանություններով։

Սա բավականին հայտնի հնարք է․ ձեւացնել, թե իբր չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է, անլրջացնել թեման ու դրանով իսկ քողարկել իրականությունը։ Մինչդեռ վարչապետի բուն ասելիքն ու ելույթի ամենակարեւոր հատվածն, իհարկե, սեւ հագուստը չէր, ամենակարեւոր միտքն այն էր, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմը։ Դասական ձեւակերպմամբ՝ դա այն է, երբ թշնամին ձեռնպահ է մնում ուղղակի ռազմական գործողություններից ու դրա փոխարեն իրականացնում է գաղտնի օպերացիաներ՝ քարոզչական եւ կիբեր-դիվերսիաներ է իրականացնում, կազմակերպում է տնտեսական սաբոտաժներ, փորձում է պառակտում մտցնել հակառակորդի ճամբարում, խուճապային տրամադրություններ է սերմանում եւ այլն, ու միաժամանակ ժխտում է իր մասնակցությունն այդ ամենին։ Անցած ամիսների իրադարձությունների ամենամակերեսային վերլուծությունն անգամ ցույց է տալիս, որ նախկին իշխանություններն ու նրանց տարատեսակ արբանյակները («հաճախորդ» քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ համակարգի բեկորներ եւ այլն) իսկապես էլ հիբրիդային պատերազմ են իրականացնում ներկա իշխանությունների, իսկ լայն իմաստով՝ Հայաստանի դեմ։ Իսկ թե ինչու հիբրիդային՝ հասկանալի է. սովորական պայքարի մեթոդներով ոչնչի հասնել չեն կարող, եւ դա երեւաց խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ հաջորդ ընտրությունները լինելու են չորսուկես տարի հետո։

Որո՞նք են այդ հիբրիդային պատերազմի տարրերը։ Թվարկենք միայն մի քանիսը։

Առաջին․ փորձել կազմակերպել տնտեսական սաբոտաժ եւ արհեստական գնաճ՝ կանխելու համար ստվերի դեմ պայքարը։ Հեղափոխությունից շաբաթներ անց նման փորձ արվեց եւ շատ արագ կանխվեց։

Երկրորդ․ քարոզչամիջոցներով աղմուկ բարձրացնել քաղաքական հետապնդումների ու «սեփականության վերաբաշխման» մասին, քարոզչական անբարենպաստ ֆոն ապահովել ներդրումների համար, դրանով իսկ տնտեսական լարվածություն ստեղծել եւ թուլացնել իշխանությունների դիրքերը։ Որեւէ մեկը չի հերքի, որ վերջին մեկ տարում նախկինները հենց դրանով էլ զբաղված են եղել։

Երրորդ․ Հայաստանից ուղարկվող «դանոսներով» փորձել փչացնել Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, հետո դա ներկայացնել որպես Հայաստանին սպառնացող մեծագույն վտանգ, որին իշխանություններն ի վիճակի չեն դիմակայել։ Առ այսօր այս ուղղությամբ իրականացվող «օպերացիաները» շարունակվում են։

Չորրորդ․ տարբեր մանիպուլյացիաներով ճեղքեր առաջացնել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ ու դրանց շուրջ քարոզչական աղմուկ բարձրացնելով հասարակության մեջ վտանգի զգացողություն առաջացնել։ Այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են հատկապես վերջին ամսում։

Հինգերորդ․ մանր-մունր բռնություններով ու դրանք ֆլեշ-մոբերի վերածելով փորձել հավասարակշռությունից հանել իշխանություններին, ստիպել պատասխան կոշտ քայլերի դիմել ու հետագայում այդ քայլերն օգտագործել իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում՝ նաեւ արտաքին ուժերի աջակցությամբ։

Վեցերորդ․ տարբեր մեթոդներով հասարակության մեջ անպաշտպանվածության եւ վախի մթնոլորտ սերմանել՝ ցույց տալու համար, թե տեսեք՝ երկրում ամենաթողություն է, իշխանությունները չեն կարողանալու պաշտպանել շարքային քաղաքացիներին, հետեւաբար՝ քաղաքացիներն էլ թող շատ ակտիվորեն չպաշտպանեն իշխանություններին։ Սա այն է, ինչ տեղի է ունենում վերջին օրերին։

Հնարքների ցանկն, իհարկե, կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, որ նախկիններն իրենց շրջապատով պատերազմի են ելել Հայաստանի դեմ, եւ օգտվելով կազմակերպված դիմադրության բացակայությունից՝ անգամ որոշակի հաջողություններ են արձանագրել։ Հիմա էլ ամեն ինչ անում են, որ իշխանությունների նյարդերը տեղի տան, ու նրանք «վհուկների որս» սկսեն․ դա է՛լ է մտնում իրենց պլանների մեջ։

Իսկ հասարակությունն ընդամենը պիտի հասկանա, որ սոցկայքերում անմեղ հայացքներով ու սեւ շապիկներով լուսանկարներ հրապարակելն ընդամենը հիբրիդային պատերազմի բաղադրիչներից մեկն է։ Եթե անգամ դրա մասնակիցներից շատերը գլխի չեն ընկնում, թե իրականում ինչի են մասնակցում։

Spread the love