September 21, 2019

Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով, մեր հատուկ ջոկատայիններն էլ են կուտակվում

- in Կարծիք
paterazm

Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առկա ուսումնասիրությունները կտրամադրի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված Ազգային ժողովի  քննիչ հանձնաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ՊՆ-ում Ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություն կա, Տոնոյանն ասաց. «Առկա են ուսումնասիրություններ, և դրանք կտրամադրվեն հանձնաժողովին: Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Հիմա այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը կա՞ր արդյոք` Տոնոյանը նշեց, որ եթե հանրային պահանջ կա, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:

Տոնոյանի կարծիքով` եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ապա բոլոր այն հարցերը, որոնք հանրության մեջ առաջացել են նաև հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց սիրով համագործակցել այդ հանձնաժողովի հետ:

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է սահմանին:

«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ` նախարարը վստահեցրեց` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվում սահմանի երկայնքով, նա նշեց. «Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով»:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես հատուկ ջոկատայինների կուտակում կա, Տոնոյանը նշեց, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...