Մի հատ կար, էն էլ Շահումյանի գերեզմանոցում թաղված ա, ուրիշ քրեական հեղինակություն չեմ ճանաչում

- in Իրավունք

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը այսօր դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով:

Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Հարությունովը մեղադրվում է այն բանի համար, որ նա, իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ինքնալից կարաբին, իր պահեստատուփով լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ եւ մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք էլ 2019 հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ։

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվեց, ապա հետաձգեց սույն գործով դատական նիստը: Լրագրողներին դատարանը թույլատրեց մասնակի լուսա եւ տեսնակարահանել դատական նիստը այն պատճառով, որ պաշտպանական կողմը դեմ էր իրենց նկարելուն: Նշենք, որ նիստին Կանեւսկոյի համար ներգրավված էր նաեւ թարգմանիչ այն պատճառով, որ նա հայերեն լեզվին լավ չի տիրապետում:

Այնուհետեւ դատարանը ստուգեց Կանեւսկոյի ինքնությունը: Վերջինս, ի պատասխան դատավոր Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ երկքաղաքացի է (նա նաեւ ՌԴ քաղաքացի է), ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա` 13, 9 եւ 3 տարեկան: Կանեւսկոյն ասաց, որ միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել, չի աշխատում:

Դատարանում պարզվեց, որ Կանեւսկոյին ռուսերեն թարգմանությամբ մեղադրական եզրակացությունը չի տրամադրվել: Նրա պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը հայերեն բանավոր լեզվին տիրապետում է, բայց գրավորին՝ ոչ: Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանն էլ այս առնչությամբ ասաց, որ միջոցներ կձեռնարկեն՝ թարգմանված տարբերակը տրամադրելու համար:

Այս պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը:

Նիստի ավարտին Արտյոմ Կանեւսկոյը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում, ինքն ապօրինի զենք չունի: Հարցին՝ ձեր անձի դեմ ուղղված հատուկ վերաբերմունք տեսնո՞ւմ եք, Կանեւսկոյը կարճ պատասխանեց. «100 տոկոս»: Մեր դիտարկմանը, որ հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ չգիտի՝ ինչու է այդպես:

Կանեւսկոյի անունը շոշափվում է մեկ այլ քրեական հեղինակություն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի սպանությունը պատվիրելու մեջ: Մեր հարցին՝ ճի՞շտ են այդ տեղեկությունները, Կանեւսկոյը ասաց. «Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա, եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»: Ճշտող հարցին՝ Դոն Պիպոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում, Կանեւսկոյն ասաց, թե նրան չի էլ ճանաչում: «Ոնց որ առաջին անգամ եք չէ՞ ինձ տեսնում, մենք ո՞նց կարող ենք իրար հետ թշնամություն ունենանք, նույն բանն ա»: Նա նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ այդ գործի շրջանակում հարցաքննվել է:

Հարցին, թե Հայաստանում ինչո՞վ եք զբաղվում, Կանեւսկոյն ասաց, որ բարեգործական հիմնադրամ ունի:

Արտյոմ Կանեւսկոյը անցած տարի մեղադրվում էր անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Նա այդ գործի շրջանակում կալանավորվել էր:

Նրա նկատմամբ, սակայն, համաներում է կիրառվել եւ քրեական հետապնդումը դադարեցվել: Այս գործի շրջանակում, ըստ մամուլի տեղեկությունների, հարցաքննվել էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Կանեւսկոյը պատասխանեց. «Տենց բան չի էլ եղել, օրինական կարգով ստացել եմ անձնագիր, բա ո՞նց եմ ես հիմա ստեղ գտնվում: Իսկ Վլադիմիր Գասպարյանին տեսել եմ երկու անգամ կյանքում, էն էլ կանչել, ջղայնացել ա, ասել ա՝ խելոք մնացեք, Հայաստանում բան չանեք»: Նա նաեւ ասաց, թե քրեական հեղինակությունների հետ չի շփվում. «Մի հատ կար, էն էլ Շահումյանի գերեզմանոցում թաղված ա (խոսքը նրա եղբոր՝ Արմեն Կանեւսկոյի մասին է, որը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկանում), ուրիշ քրեական հեղինակություն չեմ ճանաչում»,- ասաց նա:

Վերջինս ասաց, թե ինքը թիկնազորով չի երթեւեկում: Կանեւսկոյն ասաց, թե ինքը թիկնազոր չունի, նման բան չկա, սուտ է: Անդրադառնալով սեւազգեստ խմբերին՝ Կանեւսկոյն ասաց, թե հանդիպել է նրանց. «Սպեցը սեւ շորերով ման ա գալիս»,- ասաց նա՝ նկատի ունենալով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին:

Նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարի 11-ին իր պաշտպանյալի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է «սայգա» տեսակի զենքը, սակայն հետագայում, երբ Արտյոմ Հարությունովին բերման են ենթարկել 6-րդ վարչություն, պարզվել է, որ  այդ զենքը հայտնվել է նրա նստատեղի կողքը: Պաշտպանն ասաց, որ այդ զենքը մեկ այլ անձի օրինական զենքն է, որը ցուցմունք է տվել եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացրել: «Այդ անձը հայտնել է, թե ինչ հանգամանքերում է զենքը հայտնաբերվել մեքենայում: Նա ասել է, որ իրենք դեպքի հաջորդ օրը պետք է որսի գնային, ասում է՝ բաց էր բեռնախցիկը, այդ պահին դրել է, զանգ է ստացել ու անմիջապես թողել է այնտեղ: Ասում է՝ մեկ է՝ առավոտ շուտ գնալու ենք որսի, անգամ դրա մասին Արտյոմ Հարությունովին տեղյակ չի պահում, որ զենքը թողեցի բեռնախցիկ մեջ, դրա համար նա անակնկալի է գալիս, որ զենք են հայտնաբերում: Գործով բավականին խախտումեր կան, որոնք ընթացքում կներկայացնենք»,- եզրափակեց Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

armtimes.com