Մոսկվայից ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը, դրա դիմաց ի՞նչ է ուզում Պուտինը

- in Վերլուծական

Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպմանը, դատելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ուշադրություն է դարձրել Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցին։

Կողմերն, ըստ ամենայնի, վերջնական լուծումների չեն եկել ու հարցը թերևս վերջնական հանգուցալուծում կստանա հոկտեմբերին, երբ Հայաստանի կժամանի Պուտինը։

Դեռ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը հարցազրույց էր տվել «ՌԻԱ Նովոստիին» ու կարևորել էր, այսպես կոչված, գազային քննարկումները։ «Ինչպես ես ասացի երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Հայաստանում առաջին եռամսյակում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական առաջընթացի շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, և շատ կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չի կոտրի տնտեսական աճի այս տեմպը», – ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ: «Կարծում եմ՝ կկարողանանք ընդհանուր լեզու գտնել, չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և կարծում եմ, որ պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», – ասել էր Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի հարցադրումը միանգամայն ճիշտ է, նա խնդիրը տեղափոխում է քաղաքական հարթություն՝ խոսելով առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Տրամաբանությունը հուշում է, որ դաշնակից Ռուսաստանը պետք է նպաստի Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացմանը։ ՀՀ-ի կողմից ՌԴ-ից ներկրվող գազը ՌԴ արտահանման էներգետիկ հաշվեկշռում բավականին փոքր ցուցանիշ է՝ մոտ 1․8 մլրդ խորանարդ մետր։ Բնականաբար այս համեստ ցուցանիշը թույլ է տալիս ՌԴ-ին ավելի շատ քաղաքական մեթոդաբանություն կիրառել ՀՀ-ի ուղղությամբ՝ սակագնային քաղաքականություն իրականացնելիս։ Այս հանգամանքը նշում են բոլոր փորձագետներն՝ ակնհայտ դարձնելով, որ գազի գնի հարցում Մոսկվայում կայացվելու է ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական որոշում։

Այստեղ էլ առաջանում են հիմնական հարցերը, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ՝ Մոսկվան ցանկանո՞ւմ է աջակցել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը, թե՞ գերադասում է իրականացնել քայլեր, որոնք ուղղված են մեր երկրի ողնաշարը կոտրելուն։

Նիկոլ Փաշինյանը շարունակ պնդում է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ կայունության մասին, սակայն այս երաշխիքները, կարծես թե, Մոսկվային բացարձակապես չեն համոզում, համենայն դեպս՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկան դրական համատեսքտով աչքի չի ընկնում։ Խնդիրը միայն այն չէ, որ Մոկվայում մերժողական վերաբերմունք ունեն ցանկացած բանի նկատմամբ, որն ասոցացվում է հեղափոխության հետ։ Զուտ ավանդական, այսպես կոչված՝ իդեոլոգիկ կաղապարներից զատ, գոյություն ունեն նաև պրագմատիկ հաշվարկներ։ Ռուսական վերնախավում գիտակցում են, որ Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումներն, ըստ էության, վերացնում են ռուսական տոտալ ազդեցության ինստիտուցիոնալ հիմքերը՝ բերելով քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը։ Այս տրամաբանությունից ելնելով՝ Մոկվան պարբերաբար միջամտում է Հայաստանի ներքաղաքական օրակարգին ու հազիվ թե՝ գազի բարենպաստ սակագնով նպաստի հեղափոխության արդյունքերի կապիտալիզացիային տնտեսության մեջ։

Ավելի շուտ՝ Մոսկվան գազի սակագինը դարձնելու է մահակ, որպեսզի կարողնա վերահսկողության մեխանիզմներ ստեղծել Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ, այլ խոսքով՝ քաղաքական առևտուր անել Հայաստանի հետ։ Այս պարագայում ակտուալ է դառնում հարցը, թե ո՞րն է լինելու քաղաքական սակարկության օբյեկտը կամ գինը ու ինչքանո՞վ է հնարավոր համադրել հայ-ռուսական հարաբերությունենրի նման բանաձևը հեղափոխության ամբիցիոզ օրակարգի հետ։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո, երեկ Մոսկվան, թերևս՝ առաջին անգամ, պաշտոնապես արձագանքեց ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գործին։

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, ի պատասխան «Ազատություն» հեռուստաալիքի հարցման, երեկ ուղարկել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ստացել է Հայաստանի դատախազության հայցը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձնման հետ կապված։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, դատարանն էլ բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էր Ռուսաստանի Կարելիայի հանրապետությունում, սակայն ներկայումս ստացել է ժամանակավոր կեցության կարգավիճակ, ինչը ենթադրում է, որ Մոսկվվան կարող է նրան քաղաքական ապաստան տալ՝ ինչպես խնդրում է Պողոսյանը, կամ էլ արտահանձնել Հայաստան՝ մեր իշխանությունների պահանջով։

Մոսկվան երեկ հրապարակավ հասկացրել է, որ այս հարցով նույնպես Փաշինյանի իշխանությանը քաղաքական առևտուր է առաջարկում՝ քաջ գիտակցելով, որ Պողոսյանի արտահանձնումը պաշտոնական Երևանի համար նշանային իրադարձություն է, որը մի կողմից կվկայի, որ հայ-ռուսական հարաբերությունենրում ճգնաժամը հաղթահարված է, մյուս կողմից՝ կթանի Հայաստանում իրակացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը ու իմիջային բարենպաստ համատեքստ կապահովի հեղափոխության թիմի համար։

Պարզ է՝ Մոսկվայից ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը, հիմա ավելի հետաքրքիր է, թե դրա դիմաց ի՞նչ է ուզում Պուտինը։

Spread the love