Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն ուժայիններին` կոշտ հակահարված

- in Հրապարակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում խոսել է բռնության դեպքերի մասին:

«Բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ են սկսել: Անգամ կազմակերպված ակցիաներ են տեղի ունենում, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել:

Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բալոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ փորձում են երթևեկելի գոտի մտնել, ավտոմեքենա վարել մայթերով:

Սա ըստ էության որոշակի նպատակով է արվում, որ ցույց տան իբր երկրում անիշխանություն է կամ երկրում իրավակարգը թույլ է: Ուզում եմ արձանագրել, որ նման դեպքում ՀՀ ոստիկանությունը պետք է խնդրին վերաբերվի որպես երթևեկության կանոնների խախտում, սրանք բացահայտ արհամարհանք են հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ: Այս դեպքերով պետք է զբաղվեն նաև հասարակական կարգի ու անվտանգությամբ զբաղվող ուժերը, և նման պահվածքով ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր արարքի համար: Այս թեմայով զրույց եմ ունեցել Ոստիկանապետի հետ: Սևազգեստ խմբերին էլ պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի:

Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան՝ պա՞րզ է խնդիրը առաջադրված:

Պարոն Դավթյան, կարծում եմ, որ ճիշտ կլինի դատախազությունն այս երևույթին մոտենա նաև հանրային անվտանգության տեսակետից, որովհետև կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խաթարելու համար:

Կապ չունի բռնության քարոզ անողներն իշխանության համակիր են, թե ընդդիմության: Բռնության քարոզ անողը պետք է կոշտ հակահարված ստանա: Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ պետք է 10 անգամ մտածեն: Եթե 10 անամ մտածելուց հետո գնան նման գործողությունների, 10 անգամ պետք է հակահարված ստանան և դա պետք է լինի ոչ թե թավշյա, այլ երկաթյա:

Ես հույս ունեմ, որ այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն: Պարոն Օսիպյան, բացի Ճանապարհային ոստիկանությունից, ձևավորեք խումբ, որը քաղաքացիների ահազագներին սովորականից 10 անգամ ավելի արագ կարձագանքի», ասել է Նիկոլ Փաշինյանը: