Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը ինչ-որ կերպ Մարուքյանին կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն, հարցրեց Լենա Նազարյանը

- in Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանում ՍԴ դատավորի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում պատասխանեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին քննադատողներին:

«Հարցազրույցներից մեկի ժամանակ Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ Վահե Գրիգորյանը կաշկանդված է կառավարող ուժի հետ մտերիմ հարաբերություններով: Ես կուզեի հարց տալ պարոն Մարուքյանին և իր խմբակցության մյուս անդամներին, ովքեր կրկնում են այս կարծիքը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը և գործընկերությունը նախորդ խմբակցության շրջանակում ինչ-որ կերպ իրենց կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն»,- ասաց Լենա Նազարյանը:

Նա նշեց, որ իրենց հարաբերությունները Վահե Գրիգորյանի հետ ոչ թե անձնական մտերմություն են, այլ իրավական պետության կերտման շուրջ գործընկերություն: Եվ հանրային վստահության շնորհիվ է այս թեկնածուն դառնում հայտնի անկախ ու վստահելի դատարան ձևավորելու այս պատմական հանգուցային պահին:

«Կուզեի նաև անդրադառնալ Բարգավաճ Հայաստանի կողմից հնչեցված քննադատությանը, որն առնչվում է Վահե Գրիգորյանի կողմից նախագահի ընտրության գործընթացի քննադատությանը: Վահե Գրիգորյանը պնդում է սեփական իրավական գնահատականը նախագահի ընտրության գործընթացի վերաբերյալ: Եվ ճիշտն ասած, այս հանգամանքն էլ ավելի է ամրապնդում իմ վստահությունը Վահե Գրիգորյանի նկատմամբ՝ որպես պրոֆեսիոնալ և հետևողական իրավաբանի: Պարոն Գրիգորյան, շատ սպասված ու բարեփոխիչ ալիք ենք ակնկալում ձեզանից, որպեսզի ներմուծվի Սահմանադրական դատարան: Ես պաշտպանում եմ ձեր թեկնածությունը»,- հայտարարեց Լենա Նազարյանը: