Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

- in Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում 2018  թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը որպես լրագրող շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: «Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն, շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր ազդակները կան ասելու, որ ՀՀ-ում տնտեսությունը գտնվում է շատ լավ տրամադրվածության մեջ: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունն ամփոփելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներդրումներ կատարվում են, և այդ ներդրումները երևում են պաշտոնական ցուցանիշներից: Եվ այդ պաշտոնական ցուցանիշների մեջ ներդրումների ծավալի այն հատվածը, որ կառավարությունով է անցնում և կառավարության որոշումներով, դա արձանագրվում է, այդ  ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 7 անգամ: Իսկ աշխատատեղերը, որոնք կցված են այդ ներդրումների ծրագրերին, աճել են 4.7 անգամ: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք բոլորս այսօր պետք է ունենանք լավ տրամադրություն, ոչ թե նրա համար, որ ՀՀ-ում բոլոր հարցերը լուծված են, այլ նրա համար, որ ՀՀ-ում լուծվում են շատ կոնկրետ հարցեր: Իսկ նրանց, ում մոտ հարց է առաջանում, թե էդ ի՞նչ հարցեր են լուծվել, ես խորհուրդ եմ տալիս կրկին ծանոթանալ այս գրքույկի բովանդակությանը, որը կոչվում է՝ 100 փաստ նոր Հայաստանի մասին: Այս գրքույկում փորձ ենք արել ներառել ցուցանիշներ, որոնք ՀՀ-ում մեր կարծիքով տեղի չէին ունենա, եթե ՀՀ-ում չլիներ ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը»,- հայտարարեց վարչապետը: