Նոր հրաժարական. ինչ կապ ունի Միհրան Պողոսյանը

Mihran Poghosyan qetrin

Հրաժարական է ներկայարել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, որն այդ պարտականությունը կատարում էր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո:

http://lragir.amԴանիելյանի հրաժարականը փաստացի երկրորդն էր դատական համակարգում, մայիսի 20-ի հայտնի իրադարձություններից հետո: Սակայն, շատ արագ եղավ նաեւ երրորդը: Դանիելյանի հրաժարականի մասին տեղեկությունից հետո ֆեյսբուքում իր հրաժարականի մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ի դեպ, ժամանակին այդ պաշտոնում էր եղել նաեւ Գեւորգ Դանիելյանը, որին հետո պաշտոնանկ արեցին ուշագրավ բացատրությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե նախարար Դանիելյանը պաշտոնանկ է եղել այն բանի համար, որ չէր կատարել ԴԱՀԿ պետին պատասխանատվության ենթարկելու վարչապետի հանձնարարությունը:

Ամենահետաքրքիրն այն էր, թե ով էր այդ ԴԱՀԿ պետը: Իհարկե՝ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի ֆավորիտներից, նրա մանկության ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանի զարմիկը: Միհրան Պողոսյանն անձեռնմխելի էր, մինչեւ օֆշորային հայտնի սկանդալը, կամ ավելի շուտ՝ մինչեւ «Ալիեւի մարագ հասնելը»: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տվեց ոչ թե օֆշորային սկանդալի պատճառով, այլ այն բանի համար, որ «իր անունը սկանդալային պատմության մեջ չլինի Ալիեւի կողքին»:

Նույն օֆշորային սկանդալում, որը բացահայտել էին միջազգային հետաքննող լրագրողները, շոշափվում էր նաեւ Ադրբեջանի նախագահի անունը, որը կարծես թե ունի օֆշորա-սկանդալային «աբոնեմենտ»:

Փաստորեն, եթե չլիներ Ալիեւը, Միհրան Պողոսյանը հրաժարական չէր տա:

Գեւորգ Դանիելյանի ներկայիս հրաժարականը տեղի է ունենում մի շրջանում, երբ եղել է իհարկե մայիսի 20, սակայն գործընթացների անկասկած ավելի լայն տրամաբանության մեջ, որտեղ դարձյալ առանցքային տեղում է Միհրան Պողոսյանի անունը: Բանն այն է, որ նա դարձել է Հայաստանի նոր իշխանության եւ հեղափոխության դեմ Ռուսաստանի խաղաքարտերից մեկը: Նրան ձերբակալել են Ռուսաստանում, բայց տվել կեցության իրավունք, իսկ նա էլ դիմել է քաղապաստանի համար:

Այն, որ մայիսի 20-ը լայն քաղաքական գործընթացի ծիրում է, վկայեց նաեւ այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, որը դատաիրավականից բացի, շոշափեց նաեւ ապրիլյան պատերազմի ոլորտը: Գործընթացի ամբողջական մասշտաբը բացվում է ժամանակի ընթացքում: Դրա վկայությունն էլ Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին:

Մեծ հաշվով, դա նախկին համակարգի դիմադրությունն է, որը հաճախ շփոթում են ռեւանշի հետ, ինչի հնարավորությունը սակայն չկա: Ընդ որում, դիմադրության առոմով էլ խնդիրն առերեւույթ է իշխանության հանդեպ կամ հանրության հանդեպ դիմադրություն, իսկ խորքային իմաստով դիմադրություն է ժամանակի հանդեպ: Հայաստանի հին համակարգի դեմ ինչպես մինչեւ թավշյա հեղափոխությունը, այնպես էլ առավել եւս հեղափոխությունից հետո աշխատում է ժամանակը: Եվ ժամանակի այդ աշխատանքը խոշոր հաշվով «ինքնավար» է: Հիբրիդային պատերազմը ժամանակի դեմ է, դրանով էլ դատապարտված է ձախողման:

Հարցն այն է, թե այդ ընթացքում ինչ հետեւանք կթողնի այն Հայաստանի հետհեղափոխական զարգացման հեռանկարի վրա: Իսկ դա գնահատելու համար կարեւոր է հասկանալ դիմադրության մասշտաբը: Հայաստանի նախկին համակարգն այդ առումով պարփակված չէր լոկ հայկական տարածությամբ: Այդ համակարգի սնուցումն իրականացվել է Ռուսաստանից, տարբեր մեխանիզմներով:

Այդ իմաստով, Միհրան Պողոսյանն ու Իլհամ Ալիեւը օֆշորային սկանդալում պատահական չէ, որ հայտնվել էին կողք-կողքի: Որովհետեւ նրանք գործնականում այժմ էլ կողք-կողքի են, արդեն այլ երեւույթի տեսքով՝ Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի, որը համակարգվում է արդեն ոչ թե օֆշորից, այլ այնտեղից, որտեղ ժամանակավոր կեցության իրավունք է ստացել Միհրան Պողոսյանը: Դրա վկայությունն է այն, որ այդ պատերազմին տեղեկատվա-քարոզչական ճակատում աշխուժորեն ներգրավված են թե ադրբեջանական, թե ռուսական պրոպագանդիստական միավորները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Գեւորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի եւ անդամի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։

«Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը.

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ հրաժարականը, լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ ս.թ. հունիսի 10-ից:

Միաժամանակ, խնդրում եմ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել: Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները:

Մենք պարոն Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատեցինք աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո, կարողացանք մեր սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ, ուստի ինքս հանգիստ եմ հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով:

Ձեզ և դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ, շարունակելու եմ իմ համեստ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական համակարգին, այդ համակարգի հիրավի արհեստավարժ ու պարկեշտ բազում ընկերներին, բարեփոխումների գործընթացին, որպեսզի այն անցնի բացառապես Սահմանադրության և միջազգային պարտավորությունների հենքով, Աստված Ձեզ օգնական:

Խորին հարգանքով՝ Գևորգ Դանիելյան 7-ը հունիսի 2019 թ.»

Հ.Գ. Զբաղվելու եմ գիտակրթական գործունեությամբ, գոնե այս ոլորտում վստահության խնդիր չունեմ. ուսանողությունն ամեն տարի սոցհարցումներով ինձ շնորհում է ամենաբարձր գնահատականը: Չի բացառվում, որ զբաղվեմ նաև իրավաբանական օգնության ծառայություն մատուցելով: Մի խոսքով՝ կյանքը լիարժեք շարունակվում է»:

Spread the love