Arkadi Hambardzumyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բաղդասարյանի և Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է, նա գանգատներ է ունեցել: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ, մեծ կարևորություն ունեցող ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ պատշաճ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք:

Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նրա երեխան ծնվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ: Ծննդկանի մոտ առաջացել է արյան դեֆիցիտ, որը լրացնելու նպատակով նրան փոխներարկել են թարմ սառեցված պլազմա, ինչի արդյունքում ծննդկանի մոտ առաջացել է թոքերի և գլխուղեղի այտուց, և նա մահացել է:

Այս ողբերգական պատմության միակ լուսավոր կետը՝ Տաթևիկը կեսարյան հատումով աշխարհ է բերել որդի, ու երեխան, բարեբախտաբար, չի տուժել, նա մեծանում է…

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատական այս նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանը: Նա նշեց, որ դեպքի օրը եղել է բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Կեսարյան հատումից հետո հիվանդասենյակ տեղափոխված Տաթևիկի վիճակը եղել է բավարար, բոլոր ցուցանիշերը եղել են նորմային մոտ: Ինքը, լինելով նաև ուլտրաձայնային հետազոտությունների որակավորված մասնագետ, փոքր շարժական ուլտրաձայնային սարքով երկու անգամ հետազոտել է Տաթևիկին: Առաջին անգամը՝ ժամը 21-ի սահմաններում անհանգստացնող որևէ բան չի հայտնաբերել:

Հետագա հետազոտության ընթացքում ծննդկանի որովայնի հատվածում շոշափելով «ասիմետրիա» ու լարվածություն, ժամը 24-ին մեկ անգամ ևս հետազոտություն է կատարել ուլտրաձայնային փոքր, շարժական սարքով ու հայտնաբերել է արյունահավաք՝ հեմատոմա: Անմիջապես զանգել ու բժշկական կենտրոն է կանչել հերթապահ սոնոգրաֆիստին, որը եկել է իր զանգից մոտ 40 րոպե անց, հետազոտել է ուլտրաձայնային մեծ սարքով, ծննդկանի որովայնի խոռոչում հայտնաբերել է արյունահավաք՝ մոտ 250 մլ տարողությամբ:

Ծննդկանին նախապատրսատել են երկրորդ վիրահատությանը՝ հեմատոման վերացնելու նպատակով: Վիրահատությունը կատարել է բաժնի վարիչ Ռափյանը: Կարեն Բաղդասարյանը եղել է ասիստենտը:

Վիրահատության սկիզբը եղել է նորմալ, ծննդկանի մոտ բոլոր ցուցանիշերը եղել են նորմայի մոտ, բայց վիրահատության ավարտին առաջացել է արյան թթվածնային հագեցվածության պակաս՝ ցածր «սատուրացիա»: Կասկած է առաջացել, որ թոքի այտուց կարող է լինել: «Արմենիա» բժշկական կենտրոնից հրավիրվել է ռեանիմատոլոգ: Ծննդկանի վիճակը չի բարելավվել, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է…

Պատասխանելով իր պաշտպանների հարցերին՝ Կարեն Բաղդասարյանն ասաց, որ կեսարյան հատումից հետո հիվանդասենյակ տեղափոխված ծննդկանի կողմից արտառոց բողոքներ չեն եղել, նա ունեցել է հետվիրահատական ցավեր, որը բոլորն են ունենում կեսարյան հատումից հետո:

Երկրորդ վիրահատությունից առաջ ծննդկանի բոլոր ցուցանիշերը նորմայի մեջ էին, ներքին սուր արյունահոսության մասին վկայող որևէ ցուցանիշ չկար:

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո ծննդկանը եղել է իր մշտական հսկողության տակ՝ ինքը պարբերաբար չափել է ճնշումը, ստուգել է վիրահատական վերքի շրջանը: Քանի որ բոլոր ցուցանիշերը նորմայի մեջ էին, որևէ այլ հետազոտություն կատարելու անհրաժեշտություն չի եղել: Այն պահից, երբ ինքը ծննդկանի որովայնի շրջանում շոշափել է «ասիմետրիա», լարվածություն, երկրորդ անգամ ստուգել է ուլտրաձայնային փոքր սարքով ու արյունահավաք է հայտնաբերել, միջոցներ է ձեռնարկել հերթապահ սոնոգրաֆիստին կանչելու, ապա ծննդկանին երկրորդ վիրահատության նախապատրաստելու ուղղությամբ:

Կարեն Բաղդասարյանը նշեց, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ արձանագրվածը, թե ինքը ուլտրաձայնային հետազոտություն կատարելու նեղ մասնագիտացում չի ունեցել, չի համապատասխանում իրականությանը, ինքը 2002 թվականին իր նախաձեռնությամբ, լինելով մանկաբարձ-գինեկոլոգ, Մոսկվայում մասնակցել է ուլտրաձայնային հետազոտությունների մասնագիտական դասընթացին, հանձնել է տեսական ու պրակտիկ քննություն, ստացել է համապատասխան որակավորում ու դիպլոմ: Դատաբժշկական փորձաքննություն անցկացնող հանձնաժողովը այդ փաստին տեղյակ չի եղել, իրենից չեն ճշտել, իրեն փորձաքննությանը չեն հրավիրել:

Կարեն Բաղդասարյանը անհամաձայնություն հայտնեց նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված այն մտքին, թե ծննդկանի մոտ ներքին արյունահոսությունը «հնարավոր էր շուտ հայտնաբերել»: Ամբաստանյալն ասաց՝ եզրակացության մեջ հստակություն չկա՝ ե՞րբ կարող էր հայտնաբերվել ներքին արյունահոսությունը: Որովայնի խոռոչում առկա արյունահավաքը հնարավոր էր հայտնաբերել, երբ այն որոշակի ծավալի կլիներ, ու առկա կլինեին համապատասխան ախտանշաններ, օրինակ՝ որովայնի առաջնային պատի ասիմետրիկություն, լարվածություն, խիստ ցավոտություն, ճնշման անկում: Ներքին արյունահոսության սկիզբը ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր չէ հայտնաբերել:

Գիշերվա ժամը 1-ն անց 30-ին սոնոգրաֆիստի կողմից կատարված ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հայտնաբերվել է 250 մլ ծավալով արյունահավաք: Հնարավոր չէ ասել, թե ինչքան ժամանակում էր առաջացել այդ ծավալի արյունահավաքը՝ դա կախված է այն անոթի տրամագծից, որից կատարվել է արյունահոսությունը:

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ ծննդկանին արյան սուր կորստի պատճառով արյան պլազմա ներարկելու որոշումն իր կողմից չի կայացվել, այլ՝ անեսթեզիոլոգի, ինքն այդ որոշման հետ ոչ մի առնչություն չունի:

Կարեն Բաղդասարյանը, պատասխանելով հարցերին, ասաց, թե կեսարյան հատում վիրահատության ժամանակ 500-800 մլ արյան կորուստ կարող է լինել ծննդկանի մոտ:

Կարեն Բաղդասարյանը նշեց, որ մասնագիտական աշխատանքով զբաղվում է 15 տարի: Այդ տարիների ընթացքում մահվան ելքով որևէ դեպք չի եղել:

Պաշտպանը հարցրեց՝ ծննդկանին հիվանդասենյակ տեղափոխելուց հետո կա՞ր մի բան, որ դուք չեք արել: «Ոչ, չկա, բոլոր միջոցառումները կատարվել են ժամանակին: Բացառվում է՝ լիներ մի մտահոգիչ բան, որը չարձանագրվեր հիվանդության պատմագրում, ու միջոցներ չձեռնարկվեին այն վերացնելու ուղղությամբ»,- ասաց ամբաստանյալը:

Կարեն Բաղդասարյանը նշեց, որ տուժող Տաթևիկի մոտ հղիության շրջանում եղել է հեմոգլոբինի պակաս, բայց կեսարյան հատումի ժամանակ հեմոգլոբինը եղել է նորմայի սահմանում: Հերթապահ բժիշկը որևէ առնչություն չունի ծննդկանին հիվանդասենյակ տեղափոխելու որոշման կայացման հետ: Եթե ծննդկանը մինչև հիվանդասենյակ տեղափոխվելը խնդիր ունենար, բուժող բժիշկն ու անեսթեզիոլոգը իրեն՝ որպես հերթապահ բժշկի, կտեղեկացնեին:

Պատասխանելով հարցին՝ Կարեն Բաղդասարյանը նշեց, որ ծննդկանի մոտ հիվանդասենյակում արձանագրվել է արյան ճնշման կտրուկ անկում, երբ երեխային տարել են նրա մոտ կերակրելու, և նա կտրուկ նստել է: Բայց ծննդկանի ճնշման անկումը կրիտիկական չի եղել, երբ նա նորից պառկել է, ճնշումը շտկվել է:

Այդ ժամանակ ինքը հնարավոր է՝ խորհուրդ տված լինի, որ ծննդկանը սուրճ խմի՝ արյան ճնշումը կարգավորելու համար, դա հակացուցված չէ: Հիվանդության պատմագրում արյան ճնշման այս կտրուկ տատանման մասին չի արձանագրվել, քանի որ տատանումը «կրիտիկական» չէր: Ծննդկանին վիրահատությունից հետո ցավազրկող ներարկելը նորմալ է, յուրաքանչյուր մարդ ցավի իր շեմն ունի, յուրաքանչյուր դեպքում անհատապես է որոշվում՝ ցավազրկողի ինչքան ներարկում կատարվի: Ըստ Կարեն Բաղդասարյանի՝ ինքը չի հիշում, որ Տաթևիկին «անընդհատ» ցավազրկում կատարվեր՝ նրա ցավազրկումը եղել է նորմալ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս: Ցավազրկող յուրաքանչյուր ներարկման մասին հիվանդության պատմագրում առանձին չի նշվում, ընդհանուր նշվել է, որ նշանակվել է ցավազրկող: Կեսարյան հատումից հետո Տաթևիկի գանգատները ցավերից եղել են նորմայի մեջ, ոչ արտառոց:

Երկրորդ վիրահատությունից առաջ միայն պուլսն է արագացված եղել՝ 120 զարկ, իսկ ճնշումը եղել է նորմալ, ինչը վկայում է, որ սուր արյունահոսություն չի եղել:

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ երկրորդ վիրահատությանը մասնակցելով որպես ասիստենտ, արյունահոսող անոթ չի նկատել, քանի որ արյունահոսող անոթը, ըստ երևույթին, արդեն փակվել էր տրոմբով:

Կեսարյան հատումի ժամանակ հնարավոր է, որ անոթ վնասվեր, տրոմբի առաջացմամբ արյունահոսությունը կարող էր դադարել, անոթը կարող էր փակվել, բայց հետո մեխանիկական որևէ ազդակից՝ կտրուկ շարժում, հազ, տրոմբը կարող էր պոկվել, ու անոթը նորից կարող էր արյունահոսել: Դրանից առաջացել է արյունահավաք որովայնի խոռոչում, բայց արյունահոսող անոթը արյունահավաքի սեղմման պատճառ կարող էր նորից փակվել…

Ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանի հարցաքննությունը ավարտվեց:

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դատաքննությունը լրացնող միջնորդություններ նախապատրաստելու համար: Այդ միջնորդություններից հետո կհայտարարվի դատաքննության ավարտը, դատարանը կանցնի կողմերի ճառերի ունկնդրմանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...