Ո՞վ է հայտարարել ժողովրդավարության դեմ պատերազմը Հայաստանում

Հայաստանն այսօր ժողովրդավարության և ազատության բաստիոնն է աշխարհում, ոչ ԱՄՆ-ը ու ոչ էլ Եվրոպան, այլ Հայաստանը, և կախված այն բանից, թե Հայաստանն ինչ հաջողություն կունենա ժողովրդավարության գործում, կախված է աշխարհում ժողովրդավարության ապագան: Այդ միտքը նախօրեին ՔՊ համաժողովում արտահայտել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Առաջին հայացքից Միրզոյանի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և Հայաստանի ժողովրդավարության դերի գերագնահատում ու չափազանցություն է, և ավելին՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժողովրդավարական նշանակության առերևույթ ստորադասում: Մյուս կողմից, սակայն, խորքային առումով դա թերևս այդպես չէ:

Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ժողովրդավարության առումով ունեն մի դեր, Հայաստանը՝ բոլորովին այլ: ԱՄՆ-ն ու Եվրոպան ժողովրդավարական, ազատ աշխարհի առաջատարներ են, հանրությունների ազատ, քաղաքացիական արժեքներով զարգացման գործընթացի աջակիցներ: Սակայն նրանք իրենց կշռով, դերով, ներկայիս աշխարհաքաղաքական կարգավիճակով այլևս վաղուց օրինակներ չեն այն հասարակությունների համար, որոնք կանգնած են ամբողջատիրական կամ դիկտատորական իրողությունների առաջ և ուզում են փոխել իրենց կյանքը: ԱՄՆ-ն ու Եվրոպան օրինակներ չեն, որովհետև արդեն վաղուց բացարձակապես այլ քաշային կատեգորիայում են:

Ահա այդ պատճառով է, որ Հայաստանն իսկապես բաստիոն է: Ոչ թե որովհետև ավելի ժողովրդավար է, քան ԱՄՆ-ն ու Եվրոպան, այլ որովհետև ժողովրդավարացման ցանկություն և անհրաժեշտություն ունեցող հանրույթների համար առավել համարժեք է իր քաշային կատեգորիայով ու իր օրինակի օրգանականությամբ: Ու հաշվի առնելով այն, որ Հայաստանի օրինակը առանձնահատուկ է իր թավշյա, անարյուն, առանց բռնության բնույթի, ինչը հույժ կարևոր է հատկապես այն բազմաթիվ օրինակների պարագայում, երբ որևէ հանրույթի ժողովրդավարացման ջանքը հանգեցրել է արյունահեղության ու բռնության, Հայաստանի ժողովրդավարության ապագան դառնում է իսկապես կարևոր հենց համաշխարհային մասշտաբով:

Ի դեպ, այդ հանգամանքը արձանագրված է ոչ միայն հայաստանյան մասշտաբում, հայաստանյան պաշտոնյաների ելույթներում, այլև ընդհուպ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, որը նախորդ տարի աշնանը ֆանտաստիկ օրինակ էր որակել Հայաստանում տեղի ունեցածը:

Միաժամանակ, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատությանը պատերազմ է հայտարարված: Հիբրիդային պատերազմի մասին հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Ո՞վ է հայտարարել այդ պատերազմը: Եթե խոսքը Հայաստանի նախկին իշխող համակարգի մասին է, ապա առերևույթ դարձյալ թվում է, որ այդ համակարգն է պատերազմ հայտարարողը:

Մյուս կողմից՝ խորքային իրողությունների ռեժիմում ինչպե՞ս կարող է պարտված և ակնհայտորեն թույլ կողմը պատերազմ հայտարարել հեղափոխությանն ու ժողովրդավարական գործընթացին: Եթե կա այդպիսի բան, և եթե հեղափոխության առաջնորդները խոսում են այդ մասին, կնշանակի, որ նրանք անուղղակի արձանագրում են այն, որ տեղի է ունեցել քաշային կատեգորիաների հավասարեցում: Այլապես բազմապատիկ ուժեղին պատերազմ հայտարարելը ուղղակի խելագարություն է: Եվ եթե այդպես է, ապա նախկին իշխող համակարգը իր հայտարարած պատերազմով գնում է ինքնաոչնչացման: Կամ՝ այդ պատերազմով ավելի ուժեղացնում է Հայաստանի ժողովրդավարությունը և հեղափոխության դիրքերը: Կամ էլ խոսքը հեղափոխությունից ավելի ուժեղ կամ առնվազն պատերազմ հայտարարելու համար համարժեք քաշային կատեգորիայում գտնվող ուժի մասին է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին պատերազմ է հայտարարել համաշխարհային «հակաժողովրդավարությունը», եթե Հայաստանի ժողովրդավարությունից է կախված աշխարհում ժողովրդավարության ապագան:

Մնում է հասկանալ, թե որն է համաշխարհային «հակաժողովրդավարության» սահմանը, կամ այդ սահմանի մեջ գտնվող ո՞ր կետերում են վտանգ տեսնում Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ: Այլ կերպ ասած՝ արդյոք ամբողջապես կամ առավելապես «տեղորոշվա՞ծ է հակառակորդը»: