Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ

- in Պաշտոնական
AGN

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է բանաձևի ընդունմանը` ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շեշտելով Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամների  սկզբունքային դիրքորոշումը:

«Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը` մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում:

Խորհրդարանի բանաձևը դիմում է կառավարությանը մերժել Էրդողանի խոսքերը և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։ Այդ բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի երեք հոգուց բաղկացած Դենկ խմբակցությունից։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որում հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»: Միջոցառումներից մեկի ժամանակ էլ նա ընդգծել է, որ շատերն այդ ժամանակահատվածում զոհվել են «հայկական հրոսակախմբերի ու զինված խմբավորումների» հրահրած անկարգությունների հետևանքով:

Spread the love