Մեծ հույս ունեմ, որ Հրայր Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի ու ՌԴ դեսպանի և Սասուն Միքայելյանի մասին

- in Կարծիք

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական Դատարանում առկա ճգնաժամի հանգուցալուծման հարցում ակնկալում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությունը:

Այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այս հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը: Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի, որպես հանգուցալուծում»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է ուղղել կառավարությանը, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին ու Դատավորների ընդհանուր ժողովին:

«Բավական ծավալուն նամակի մասին է խոսքը, չեմ կարող ամբողջութամբ մեջբերել: Կարծում եմ՝ նույնիսկ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանը հանրայնացնի իր այս նամակը, որովհետև ի վերջո մեծ թվով հասցեատերերի է ուղղված: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝ Վահե Գրիգորյանն ըստ էության երեք լուծման տարբերակ է տեսնում՝ սկսած առկա իրավիճակի ամրագրումից, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխություններ: Հանգուցալուծման տարբերակներ են»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ կա անորոշություն, և կարիք կա, ինչպես լայն հասարակության շրջանում, այնպես էլ հատկապես դատարանի կազմությանը մասնակցող մարմինների՝ Դատավորների ընդհանուր ժողով, կառավարություն, ԱԺ ու ՀՀ նախագահ, քննարկում ծավալել, որպեսզի պարզ լինի, թե երկիրն այս ճգնաժամից ինչպես պետք է դուրս գա: Նա հավալեց, որ ինքը խոսում է լայն կոնսենսուսի միջոցով ճգնաժամի հաղթահարման մասին:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ նամակն ինքն ուղղելու է բոլոր պատգամավորներին:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ մեկ իրավաբան օրակարգ է թելադրում և ՍԴ-ում իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն ասաց. «138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ, ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր, ըստ Միրզոյանի, տեսականորեն դրված չի կարող լինել, որովհետև որևէ մեկը՝ լինի դա ԱԺ-ն, նախագահը, կառավարությունը, թե վարչապետը, այդպիսի լիազորությունով օժտված չէ:

Այս հանգուցալուծման մեջ, ըստ Միրզոյանի, մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին Հրայր Թովմասյանը: «Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»,- ասաց նա:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ»,- հավելեց նա:

«Ես չեմ կարծում, որ իմ արձագանքը կոշտ էր՝ ուղղված Ռուսաստանի դեսպանին, բավական գործընկերային էր»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ Հայաստանում ՌԴ դեսպանը շարունակում է տարբեր գործիչների հետ հանդիպել: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը քննադատել էր դեսպանի այդ քայլը:

Ես ասել եմ ու էլի եմ կրկնում, որ որևէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ողջ սպեկտորի տարբեր ներկայացուցիչների հետ: Նորմալ պրոցես է: Բայց ես համարում եմ, որ մարդը, ում մասին խոսվում է, ոչ թե սովորական քաղաքական գործիչ է, իսկ այո, քաղաքական գործիչ է, բայց մարդ է, ում նկատմամբ ամենածանր մեղադրանքնեւրից մեկն է առաջադրված: Եվ հիմա ինքն անցնում է ծանր քրեական գործով, այս պարագայում որևէ երկրի դեսպանի հանդիպումները, շփումները, գուցե կոնսուլտացիաները կարող են ինչ-որ պահի մեկնաբանվել իբրև ոչ պատշաճ կամ ոչ հարիր: Եվ որպեսզի խուսափենք հետագա մեկնաբանություններից, ես ասել եմ, որ չեմ ողջունում դեսպանի այդ հանդիպումը,- ասաց Միրզոյանը:

ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպումից հետո շարունակեւոմ է ինտենսիվ հանդիպումները՝ այդ թվում՝ ՍԴ անդամների հետ։ Միրզոյանը չի կարծում, թե Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ կոշտ է արձագանքել եւ հարկ չի համարում երկրորդ անգամ «զգուշացնել» դեսպանին․

«Ես չեմ կարծում, թե կոշտ եմ արձագանքել, բայց կրկնում եմ՝ որեւէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Բայց ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե սովորական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջադրված եւ հիմա ինքն անցնում է շատ կոնկրետ քրեական գործով, գուցե այս շփումները կարող են մեկնաբանվել իբրեւ ոչ պատշաճ, եւ այս կոնտքեստում ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հադնիպումը»։

Անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում կրկին ներգրավվելուն ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկմանը՝ Միրզոյանն ասաց, որ, ինչպես Ռուբինյանը պարզաբանել էր, դա տեխնիկական խնդիր է եղել․

«Եթե դուք հետեւում եք ԱԺ նիստերին, հերթագրումներին, գիտեք, որ մարդկանց մոտ կարող է հակառակ գրանցվել։ Պարոն Ռուբինյանն ասել է, որ տեխնիկական է, չհավատալու հիմք չեմ տեսնում։ Եթե ՀՀ պատվիրակության ղեկավարը որոշեր դեմ կամ կողմ քվեարկել, կհայտարարեր դրա մասին, ինքը ճշգրտել է, արձանագրել են, եւ դատելով իր հրապարակած լուսանկարից՝ կարող ենք ասել, որ ՌԴ մեր գործընկերները վատ տպավորություն չեն ստացել»։

Արարատ Միրզոյանը չի հաստատում տեղեկությունները, թե Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Դուք լուր եք գցում, հետո գալիս եք այս լուրի մասին մեզնից մեկնաբանություն եք ուզում, հետո ասում եք՝ տեղեկություններ ունենք, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել մանդատը: Իսկ ո՞վ ունի այդպիսի տեղեկություն, ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունների սրման մասին տեղեկություններին՝ Միրզոյանն ասաց՝ չկա այդպիսի բան:

«Ես երբեք չեմ արել նման բան և ապագայում եմ չեմ անի՝ լղոզել, պարտակել հարցերը: Այո, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը չի գալիս նիստերին, ինչո՞ւ, չգտեմ: Բախում եղե՞լ է, ոչ: Իմ հարաբերությունները սրվա՞ծ են, ոչ: Պատրաստվո՞ւմ է մանդատը դնել, թե չէ, բացարձակապես ես զրո տեղեկություն ունեմ այդ մասին»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ իշխանությունները Արցախի նախագահական ընտրություններում չեն կարող ունենալ իրենց թեկնածուն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն թեկնածու ունի՞ Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Միրզոյանն ասաց, որ Հայաստանից նույնիսկ որեւէ թեկնածուի սատարելու իրավունք չունեն, քանի որ դա կլինի մջիամտություն այլ երկրի գործերին։