Չկասկածեք, որ մենք ուսումնասիրելու ենք նաև տարածքային կորուստների հարցը

- in Հրապարակ

Ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը իր նիստերին կհրավիրի նաև պաշտոնյաներին, ինչպես նաև կքննի ապրիլյան պատերազմի օրերին տարածքային կորստի հարցը։  Այս մասին այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը կհրավիրվե՞ն, Քոչարյանը պատասխանեց․ «Դե դուք տալիս եք արդեն անունները։ Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ տեղեկատվություն։ Ես համոզված եմ՝ իրավական առումով գուցե շատերը կարող են ասել՝ չեմ գալիս։ Բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկն իրավունք չունի, եթե կա հարց, չհամաձայնի այդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել հանձնաժողովին»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ դեռ չեն որոշել, թե առաջինն ում են հրավիրելու, բայց առաջիկայում հստակ կձևարկերպեն։ «Եթե հրաժարվեն, չգան, իրենց իրավունքն է, հանձնաժողովը կգնահատի հրաժարվելու պատճառները։ Այսինքն՝ իրենք չեն ուզում, որ մենք ինչ-որ բացահայտումներ անենք, թե՞ ի սկզբանե մերժում են, որ ինչ-որ բան էն չէ։ Եթե ինչ-որ բան էն չէ, այդ դեպքում ուզում եմ հասկանամ՝ մենք հարյուրից ավելի զոհեր ենք ունեցել, այդտեղ մեղավորներ չկա՞ն»,- ասաց նա։ Քոչարյանը շեշտեց, որ անձամբ ուզում է ծանոթանալ Սեյրան Օհանյանի կատարած աշխատանքին, և հանձնաժողովի անդամներով կծանոթանան դրանց։ Օհանյանն ասել է, որ ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություններ է իրականացրել։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ակնկալում է, որ այսօրվա Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմը կսկսի հարստացնել Սեյրան Օհանյանի սկսած ուսումնասիրությունները։

Հանձնաժողովն աշխատելու է նաև զոհերի հարազատների ու ծառայակից ընկերների հետ, քանի որ նրանք ևս տեղեկատվության կրող են։

Հարցին, թե մարդկային կորուստների հարցին զուգահեռ տարածքային կորուստների հարցը քննելո՞ւ են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մեր կորուստները ոչ միայն մարդկային են, այլ նաև տարածքային։ Չկասկածեք, որ մենք ուսումնասիրելու ենք նաև տարածքային կորուստների հարցը»։

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կկազմվեն զեկույցներ, դրանցով գուցե քրեական գործեր հարուցվեն։ «Բայց դա արդեն գործը չէ, տվյալ հանձնաժողովը քննում է կոնկրետ դեպքը կոնրետ խորությամբ և իր հնարավորությունների շրջանակներում»,- ասաց Քոչարյանը։

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Այս մասին հանձնաժողովի դռնփակ առաջին նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի քննության առարկան է Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության պայմանների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրությունը։ Կքննվի նաև հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում։

Հանձնաժողովն իրավասու է պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, ռազմական խորհրդի հաշվետվություններ և այլն։ Հանձնաժողովն իրավասու է նաև նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին։

«Մեր հիմնական շահառուն առաջին հերթին պետք է լինի մեր հասարակության մոտ բանակի նկատմամբ վստահության ավելացումը։ Մենք պետք է լինենք անաչառ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...