Arthur Baghdasaryan

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա, երթ են իրականացրել նրա կալանավորման մասին դատարանի վճռից հետո: Սա, իհարկե, նորություն չէ, և Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական մարտավարության շրջանակում այդ գործիքը կիրառում է արդեն տևական ժամանակ:

Այստեղ, թերևս, հարցն այն է, թե արդյոք երկրորդ նախագահը կփորձի՞ անցնել այդ գործիքի առավել կոշտ և ռադիկալ կիրառման, փորձելով խնդիրներ առաջացնել իշխանության համար: Դա կլինի, իհարկե, անխոհեմ քայլ, քանի որ Քոչարյանը դրա համար չունի կարևոր գործոնը, որն իր հերթին ունի իշխանությունը՝ հանրային մեծ աջակցություն:

Հանրային աջակցություն չունենալու պարագայում փորձել այսպես ասած՝ հանրային անհնազանդության գործիք կիրառել, հավասարազոր կլինի մերկ ձեռքերով բարձրավոլտ հոսանքագծից բռնվելուն: Մյուս կողմից, եթե չի կիրառում այդ գործիքը, ապա մնում է լոկ տեղեկատվականը, որի բավականին շոշափելի պաշար է կուտակել երկրորդ նախագահը: Սակայն այստեղ կա այլ խնդիր:

Տեղեկատվական գործիքն իհարկե կարող է վնասել իշխանության վարկանիշը, թուլացնել հանրային լեգիտիմությունը՝ եթե, իհարկե, իշխանությունն ինքը թույլ տա մեծ սխալներ և անարդյունավետ կառավարում, սակայն դա ինքնաբերաբար չի բարձրացնելու նրա վարկը հանրության շրջանում:

Իսկ այստեղ առաջանում է առավել խորքային մի հարց, որն իհարկե շոշափում է Հայաստանի ներքաղաքական կյանքն ընդհանրապես: Իշխանության վարկանիշի նվազումը վաղ թե ուշ լինելու է, դա կյանքի, այսպես ասած՝ «բնության օրենքն» է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ դեպքում առաջանալու է պարզ հարց՝ իսկ ո՞ւմ վարկանիշն է այնքան, որը կհավակնի մրցակցել նվազող վարկանիշով իշխանության հետ: Եվ այստեղ, իհարկե, Ռոբերտ Քոչարյան գործոնը ստանում է առանձնահատուկ մի նշանակություն: Երբ նա կա քաղաքականության մեջ և աշխույժ ռեժիմում է, դրանով կամա, թե ակամա ստիպում է մնացյալ բոլոր քաղաքական դերակատարներին ենթարկվել իր տրամաբանությանը: Իսկ Քոչարյան գործոնի տրամաբանությունը պարզ է՝ նա, դեռևս, երկար ժամանակ հանրության մոտ վառ է պահելու հնի, անցյալի հանդեպ, մեղմ ասած, բացասական վերաբերմունքը՝ այդպիսով սև ու սպիտակի բաժանելով դաշտը:

Իրականում մարդիկ մոլորվում են, եթե կարծում են, թե Նիկոլ Փաշինյանն է դաշտը բաժանում սևի ու սպիտակի: Դաշտը սևի ու սպիտակի բաժանում են նախկին մերժված համակարգի առանցքային դեմքերը, իրենց քաղաքական ակտիվությամբ՝ թույլ չտալով, որպեսզի հանրությունը կենտրոնանա նոր որակի քաղաքական պահանջարկ և սկզբունքներ ձևավորելու հարցի վրա: Նիկոլ Փաշինյանը հարկ եղած դեպքում պարզապես օգտագործում է այդ բաժանումը՝ ըստ քաղաքական նպատակահարմարության և լուծում որոշակի քաղաքական հարցեր: Այդ իրավիճակը պետք է որ որևէ մեկի համար առավել լավ զգալի և հասկանալի չլիներ, քան հենց Ռոբերտ Քոչարյանի, որն ինքը կարողացել է մի քանի տարի շարունակ օգտագործել նախկինի գործոնը՝ ՀՀՇ հեռանալուց հետո:

Միաժամանակ, կալանքից առաջ տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը փորձում էր դարձյալ այդ գործոնը խաղարկել՝ ակնարկելով, որ ներկայիս իշխանությունը առաջնորդվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գծով: Այդ հանգամանքը վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն «անվանական» հին խաղացող է, այլ նաև հին է նրա քաղաքական փաստարկային բազան:

Այդ իրավիճակում, նա թերևս պետք է օրինակ վերցներ իր հռչակած «դավաճանից»՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից և հայտարարեր քաղաքականությունից հեռանալու մասին: Դա կլիներ թե՛ առավել արդյունավետ պաշտպանական միջոց, թե՛ դրանով նա գուցե ավելի շատ քաղաքական խնդիր ստեղծեր նոր իշխանության համար, քան քաղաքական աշխույժ ռեժիմում մնալով: Իհարկե, սևն ու սպիտակը հնարավոր չէ նույն արդյունավետությամբ օգտագործել երկար ժամանակ, սակայն մինչ մաշվի նոր իշխանության այդ ռեսուրսը, բան չի մնա հին իշխանությունից, որովհետև թե՛ հոկտեմբերի 2-ը, թե՛ մայիսի 20-ը ցույց են տալիս, որ այդ ռեսուրսով նոր իշխանությունը լուծում է շատ կոնկրետ խնդիրներ, իսկ հինը միայն օգնում է այդ լուծումներին, այն էլ իր հաշվին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...