ՌԴ դեսպանը ծանր ընտրության առաջ. Պլան Բ

- in Կեղտոտ լվացք

ՀՅԴ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Արցախ-Հայաստան ռազմա-քաղաքական դաշինքի թեմայով ֆորումի կազմկոմիտեի ներկայացուցիչները, այդ թվում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած Դավիթ Շահնազարյանը, հունիսի 15-ին հանդիպել են ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ:

http://lragir.amՉի նշվում, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը՝ դեսպան Կոպիրկինի՞, թե նրա հետ հանդիպման գնացածների: Նրա՞նք են հանդիպում խնդրել դեսպանից, թե՞ դեսպանն է հրավիրել, ընդ որում հնարավոր է շտապ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին դատարանի վճռից հետո, գուցե նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո, որտեղ դատախազը դեսպանի հետ խոսել է Հայաստանում անօրինական սեփականության խնդրի, նաեւ յուրացրած միջոցների արտերկրից վերադարձի մասին:

Նախաձեռնության հարցը գուցե վճռորոշ չէ, սակայն էական է: Հատկապես հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ու արագ զարգացումները, որոնց համար կատալիզատոր դարձավ Քոչարյանին կալանքից ազատ արձակելը, գործնականում սկսեցին հենց այն ֆորումի մեկնարկով, որի անունից հանդիպել են ՌԴ դեսպանի հետ:

Ֆորումը կազմակերպվել էր Ստեփանակերտում, մայիսի 7-ին: Ու թեեւ հրավերների տրամաբանությունը «լայն» էր, այդուհանդերձ ստացվել էր այնպես, որ ֆորումի մասնակիցների հիմնական կազմն ու բովանդակությունը նախորդ իշխող համակարգի, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած քարոզչական թիրախավորումների շրջանակում էր: Ֆորումի խորագիրը անկասկած շոշափում է հայկական պետականության համար կարեւորագույն հարց: Բայց «անտուրաժը» խոսում էր այն մասին, որ այդ կարեւորագույն հարցի ներքո դրված են շատ ավելի մանր խմբային ու անձնային հարցեր:

Այդ ֆոնին, Արցախ այցելելու մասին հայտարարեց Սերժ Սարգսյանի գրասենյակը, որը սակայն Արցախում հեռու մնաց ֆորումից եւ ավելին՝ ցուցադրաբար հեռու մնաց Հայաստանի ներքաղաքական հարցերից: Սերժ Սարգսյանը բավականին երկար մնաց Արցախում: Զուգահեռ, եղավ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հայտնի երաշխավորությունը: Հաղթանակի տոնը Ստեփանակերտում նշելու համար այնտեղ մեկնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդ որում նրա հետ մեկնել էր նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը Արցախում մնացել էր մի փոքր ավելի երկար, քան վարչապետը:

Հետո Բակո Սահակյանն ու Ղուկասյանը եկան Երեւան, դատարան, Ռոբերտ Քոչարյանին ազատելու: Այդ ֆոնին նկատելի լարվածություն գեներացվեց Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունում: Մայիսի 20-ին՝ Ռոբերտ Քոչարյանին ազատելուց երկու օր անց, Նիկոլ Փաշինյանը հենվելով այդ փաստի վրա հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության եւ հեղափոխության երկրորդ՝ ավելի կարեւոր փուլի մասին: Միաժամանակ, նա հայտարարեց ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին, նաեւ կոչ արեց արցախցիներին Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը ձայն տալ այն ուժերին, որոնք չեն հակադրվում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին:

Այդ ընթացքում Արցախում հայտնվեցին ռուսական քարոզչական տիրույթի հայտնի էմիսարներ Կոլերովը՝ որը ներկայումս պարբերաբար փորձում է հայերին հիշեցնել, որ Պուտինը աջակցում է Քոչարյանին, եւ Տարասովը: Արցախի պետհամալսարանում նրանք քարոզել էին արցախցիների առանձնահատկությունը մնացյալ հայության նկատմամբ, ասելով, թե նրանք պետք է լինեն ռեգիոնալ առանձին սուբյեկտ՝ ՌԴ մանդատի ներքո:

Հատկանշական է, որ այդ տրամաբանությունը՝ առնվազն արցախցիների «տեսակի պահպանության» առումով, վերստին կալանավորման նախօրեին տված հարցազրույցում առաջ էր տարել Ռոբերտ Քոչարյանը, ասելով, թե Հայաստանի նոր իշխանությունը «փորձում է կոտրել» այդ տեսակը: Իհարկե, որեւէ ծանրակշիռ փաստարկ, քան իր կալանավորումը եւ մեկ-երկու պաշտոնանկություն, Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացնում: Քոչարյանը չասաց միայն, որ արցախցիները իրենց տեսակը պետք է պահեն Ռուսաստանի «մանդատի» ներքո: Բայց ռուսական մանդատի առաջարկն էլ արել է Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրություն հայտնած Սամվել Բաբայանը:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտնեց, որ ունի Արցախի նախագահի ընտրության ցանկալի թեկնածու, բայց չի ասի անունը: Արդյոք դա Սամվել Բաբայանն է: Ի դեպ, այդ տեսանկյունից հատկանշական է ամիսներ առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը, երբ առաջին անգամ հայտարարեց Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանը հայտարարեց, որ դեռեւս 2016-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նրան հայտնել է Ռոբերտ Քոչարյանի մասին իր կարծիքը:

Ինչ կարծիք է դա, հայտնի չէ: Հիշու՞մ է դա Նիկոլ Փաշինյանը եւ կբարձրաձայնի՞ երբեւէ, թե իրեն ինչ կարծիք է հայտնել Ռոբերտ Քոչարյանի մասին Սամվել Բաբայանը: 2016-ի հուլիսը Հայաստանում դրամատիկ եւ ողբերգական ամիս էր, որը գործնականում կոտրեց ապրիլյան պատերազմից հետո թեկուզ հարաբերականորեն շտկվող հայկական ռազմա-քաղաքական ողնաշարը, այդպիսով գործնականում վերջ դնելով Վիեննայի հայտնի օրակարգին, որ ապրիլյան պատերազմի «տաք հետքով» փորձ էր արվել պարտադրել Ադրբեջանին ԱՄՆ նախաձեռնությամբ:

Հատկանշական է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործախարարների հանդիպումից հետո, որից երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել էր պատերազմի հարցում միջազգային հանրության արգելքը, եւ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի հաջորդ օրը «ռազմա-քաղաքական դաշինք» խորագրի ներքո խմբանձնային հարցեր լուծող ֆորումի պատվիրակությունը շտապում է դեսպան Կոպիրկինի մոտ:

Դեսպա՞նն է կանչել՝ Քոչարյանի հարցում չաշխատած որեւէ ծագրի փոխարեն Արցախի հարցի առիթով պլան Բ գործի գցելու համար, թե՞ պատվիրակներն են շտապել՝ դեսպանից որեւէ բան տեղեկանալու կամ նրան որեւէ ծառայություն առաջարկելու համար: Բայց պե՞տք է արդյոք «փափուկ ուժի» հետեւորդ Կոպիրկինին հանրային կոշտ մերժման արժանացած այդ ծառայությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան