Երեկ ԱԱԾ մեկուսարան մտնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ երկրում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Հարցին էլ, թե այլևս ասելիք չունի՞, արձագանքել է. «Այնքան ասելիք ունեմ»։

Ռոբերտ Քոչարյանի սովորական ոճն է շանտաժը, որը հիմնված է խորհրդավոր զգուշացման վրա, թե ինքը շատ ասելիք ունի։

Երկրորդ նախագահի ասելիքի հիմնական հասցեատերը, բնականաբար, հասարակությունը չէ, որովհետև երկրորդ նախագահը բոլորից ավելի լավ գիտի, որ ժողովրդի կողմից մերժված է ու նրա միջոցով չի կարող իրականություն դարձնել իր որևէ մտադրություն, ծրագիր։ Քոչարյանի ուղերձները հասցեագրված են քրեաօլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտներին, որոնց «կնքահայրը» լինելու մտադրությունը երկրորդ նախագահը պահպանում է նույնիսկ մեկուսարան մտնելիս, և Մոսկվային, որը նրա ռևանշիզմի հիմնական աղբյուրն է։

Քոչարյանը մեկուսարան գնաց հոգեբանորեն նախապատրաստված, ու պետք չէ տրվել պատրանքներին, թե «ԿԳԲ-ի պադվալի» ճաղերը կաշկանդելու են նրա ներկայությունը քաղաքական դաշտում։ Հակառակ պնդումը թերևս առերևույթ տարօրինակ թվա, սակայն ավելի իրական է՝ գոնե այս փուլում երկրորդ նախագահը բանտում ավելի մոտ է քաղաքականությանը, քան ազատության մեջ։

Մոսկվայում չէին կարող չկանխատեսել, որ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում դարձյալ հայտնվելու է ճաղերի հետևում, սակայն դա չխանգարեց, որպեսզի ռուսները գործի մեջ մտցնեն իրենց դեսպանին՝ հրապարակավ ցույց տալով, որ Հայաստանում իրականացնում են հեռահար մի ծրագիր՝ երկրորդ նախագահի միջոցով։ Հայաստանի իշխանության դուխն ու ռեսուրսները չհերիքեցին, որպեսզի սրա մասին բարձրաձայնեն ուղիղ տեքստով, դրա համար էլ ընտրվեց դեսպանին ԱԳՆ հրավիրելու քայլը՝ հետևությունները թողնելով հասարակությանը։

Քոչարյանի գործոնով Մոսկվան արդեն հաջողացրել է Հայաստանում ձևավորել վերահսկելի քաղաքական համակարգ, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինում երբեմն անգամ «պուտինասեր» խաղալ՝ Քոչարյանի գործոնը չեզոքացնելու համար։ Ապարդյուն. դրանով նա ընդամենն ընդգծում է երկրորդ նախագահի գործոնը։

Քոչարյանը գնաց մեկուսարան՝ իր արտաքին հովանավորների օգնությամբ «ականապատելով» Հայաստանի քաղաքական գործընթացը։

Իշխանություններն ընտրել են վեթինգի ամենաանարդյունավետ ճանապարհը՝ դժբախտաբար, ամեն ինչ պայմանավորելով կոնկրետ անձով ու գործով, ինչն ապալեգիտիմացրել է Քոչարյանի գործը՝ նրան հնարավորություն ընձեռելով պայքարել «արդարության» համար։ Սա երկրորդ նախագահի երազած ճանապարհն է, որը բանտային ժամանակավոր կյանքը նրա համար դարձնում է քաղաքականություն վերադառնալու միջոց։ Հիմա կասեք՝ ռուսներն ի՞նչ երաշխիք են տվել Քոչարյանին։ Այդ հարցի պատասխանն էլ է ակնհայտ. Մոսկվան «աչքի լույսի» պես պահում է Մարտի 1-ի հիմնական ֆիգուրանտներ հանդիսացող Միքայել Հարությունյանին ու Վահագն Հարությունյանին, ինչը հենց հիմնական երաշխիքն է, որ Քոչարյանը ռուսական «խաղի» մեջ է։ Այս համատեքստում, բնականաբար, երկրորդ նախագահը խաղալու է «դուխով նստող» ու «արդարության համար պայքարող» առաջնորդի դեր։

Մամեդյարովը խոսում է տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ վերակենդանացնելով, այսպես կոչված, «Լավրովի պլանը»։ Համանախագահները նրան չեն հերքում, ու ըստ ամենայնի Բաքուն խաղադրույք է կատարել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի վրա։ Եթե Մոսկվան ու Բաքուն գան հերթական դավադիր համաձայնության, ապա մեկ այլ հարցում էլ Քոչարյանը «մարգարեանում» է՝ կանխավ իր կալանավորումը կապելով Արցախի խնդրի հետ։ Արցախի «ռուսաֆիկացիան» Մոսկվայի ծրագիրն է, բայց փորձում են «դուրս գրել» Նիկոլ Փաշինյանի վրա՝ «հողեր գրավող» Քոչարյանի համար քաղաքական ճանապարհ հարթելով։

Քոչարյանի բանտ նստելով դավադրությունը չի ավարտվում՝ նոր երանգ է ստանում։

Ռոբերտ Քոչարյանը կունենա քաղաքական նկրտումներ, եթե մենք չլինենք մեր պետության պաշտպանության խրամատներում, եթե չլծվենք մեր երկրի ապագայի խնդիրների լուծմանը և եթե չկարողանանք մեր ժողովրդին հավատ ներշնչել, որ անցյալն ապագայում տեղ ունենալ չի կարող: Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քաղաքական կոմֆորտը կառուցել անցյալի հետ պայքարում՝ ակամայից օգնելով Մոսկվային հաշվեհարդար տեսնել հայկական հեղափոխության հետ, ոտնձգություն կատարել մեր ինքնիշխանության դեմ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...