Ռոմանոս Պետրոսյանը առավոտից երկու ահազանգ է ստացել, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները

- in Ընտրություններ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղամասերը բացվելուն պես շրջում էր Աբովյան քաղաքի տարբեր տեղամասերով՝ հասկանալու համար «հաստավզերի» կուտակումներ չկան և արդյոք ոստիկանությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը:

Ռոմանոս Պետրոսյանին լրագրողները հանդիպեցին 29/02 ընտրատեղամասի մոտ: Նա մոտեցավ ոստիկաններից ճշտեց ամեն ինչ նորմալ է, թե ոչ և առանց տեղամաս մտնելու հեռացավ:

Ռոմանոս Պետրոսյանը նաև նշեց որ առավոտից երկու ահազանգ է ստացել, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները և ինքը այս տեղամասերում հանձնարարություն է տվել զբաղվել դրանով, քանի որ քվեաթերթիկ նկարելը քրեորեն պատժելի արարք է: Հարցին ինչու են նկարում քվեաթերթիկը, Պետրոսյանը նշեց. «Լուսանկարում են՝ տերերին ապացուցելու համար, որ քվեարկել են իրենց ուզած թեկնածուի օգտին»: Ինքն ընդամենը այս բակում է ապրում և փորձում է հասկանալ արդյոք իրավիճակը վերահսկելի է:

Ռոմանոս Պետրոսյանը անդրադարձավ նաև երեկվա միջադեպին, նշեց որ ամբողջ ծավալով քննություն է գնում և առայժմ զերծ կմնա ինչ-որ անուններ հնչեցնել: Նա կրկին հիշեցրեց, որ այս ընտրությունները հնի ու նորի պայքար են և միանշանակ հաղթելու է նորը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...