Ռուսաստանի հույսը՝ Չինաստանի միջոցով հասնել Արեւմուտքի հետ երկխոսության

- in Հրապարակ
trump-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ G 20 առաջիկա հանդիպումից հետո ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկարողանան որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության պայմաններ ստեղծելու համար:

Ռուսաստանում խորանում է քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: Երկրի խոշոր քաղաքներում ծավալվում են բողոքի ալիքներ ամենատարբեր առիթներով: Ռուսական էլիտաների մեջ սկսել է տնտեսա-քաղաքական տարբեր խմբերի դաժան պայքարը նվազող ռեսուրսների ու քաղաքական ազդեցության համար: Երկրում աննախադեպ չափերի է հասել կաշառակերությունն ու ամենաթողությունը, կղերա-«հայրենասիրական» մառազմն ու բթամտությունը: Ռուսաստանից շարունակում է հեռանալ այդ երկրի ապագան՝ բարձրակարգ ուսյալ աշխատուժը, մասնագիտական պոտենցիալը:

Պուտինը 2014-ից վարում է մի քաղաքականություն, որի իմաստը համաշխարհային թելադրող դիրքեր դուրս գալն էր: Սակայն այդ քաղաքականությունը տապալվեց, Ուկրաինայում, Սիրիայում եւ այլուր ռազմական միջամտությունը, որոնց նպատակն ընդամենը ԱՄՆ-ին ու Արեւմուտքին երկխոսության դաշտ բերելն էր, տվեց հակառակ արդյունք: Ռուսաստանն այսօր աննախադեպ արտաքին մեկուսացման մեջ է, իր հերթին փլուզվել են կայսերական բոլոր գաղափարական հիմքերը՝ կոմունիզմից մինչեւ ուղղափառ աշխարհի առաջնորդություն եւ ռուսական աշխարհ:

Ռուսաստանի մյուս հույսը՝ Չինաստանի միջոցով հասնել Արեւմուտքի հետ երկխոսության, կրկին տապալվել է: Ավելին, Ռուսաստանը ներկայում վեր է ածվում Չինաստանի հումքային կցորդի՝ արեւելյան տարածքների էքսպանսիայի դանդաղ ու հետեւողական ընթացքով:

Քաղաքական այս խնդիրներն ազդել են տնտեսական իրավիճակի վրա: Ռուսաստանի փորձերը՝ «ներմուծման փոխարինման», ինքնիշխան ինտերնետի եւ այլ ուղղություններով, հանգեցրել են հակառակ էֆեկտի, հընթացս պատճառ դառնալով նաեւ այդ ուղղությամբ ահռելի միջոցների գողության: Երկրում արդեն 6 տարի չեն աճում մարդկանց եկամուտները:

Այս ֆոնին, Պուտինի հայտարարությունն ավելի շատ խնդրանք է ԱՄՆ-ին: Ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանը զրկել են ֆինանսական ու տեխնոլոգիական հնարավորություններից, առանց որոնց տնտեսությունը չի կարող զարգանալ:

Կփրկի՞ այս անգամ ԱՄՆ-ն Ռուսաստանին, ինչպես պատմության մեջ արդեն մի քանի անգամ փրկել է: Մյուս կողմից, տնտեսական հարաբերությունները ենթադրում են քաղաքական գին, եւ հարց է՝ արդյոք Պուտինը պատրաստ է վճարել այդ գինը: Ըստ էության, Վենեսուելան Պուտինն արդեն «հանձնել» է, հերթում են Ուկրաինան, Իրանը եւ Սիրիան: Իհարկե, Ռուսաստանի ավանդույթն է՝ հանձնել դաշնակիցներին, բայց ներկայում դա բավական բարդ է անել, նկատի առնելով այն անզուսպ հակաարեւմտյան եւ «հայրենասիրական» քարոզչությունը, որոնց վրա կառուցվել է Պուտինի վարկանիշն ու իշխող կոռումպացված համակարգը: Մարդկանց համոզել են ձգել գոտիները հանուն այդ նպատակների, եւ հիմա հասկանալի չէ, թե ինչպես են համոզելու, որ այդ ամենն իզուր էր:

Մյուս կողմից, արդյոք ԱՄՆ-ն ու Արեւմուտքը կգնան նման «գործարքի»: Պուտինի քաղաքականությունն իսկական նվեր է ԱՄՆ-ի ու Արեւմուտքի համար, որը հնարավորություն տվեց լուծել բազմաթիվ խնդիրներ: Ռուսաստանի ներկայիս վիճակը ձեռնտու է բոլորին, եւ դա փոխելու պատճառներ ներկայում կարծես թե չկան: