Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին

- in Հասարակություն
Samvel Babayan

Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին:

«Լուսանկարում Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանն է, ով ծեծի է ենթարկվել Սամվել Բաբայանի կողմնակիցների կողմից (դեմքին հետքերը երևում են) ընդամենը այն պատճառով, որ համաձայնության չեն եկել, թե համայնքապետարանի որ սենյակում է հարմար ստորագրահավաքը կազմակերպել: Իհարկե, իրավապահները համարժեք գնահատական կտան այս դեպքին, իսկ պատշաճ եզրահանգումները թողնում եմ ընթերցողին»,- գրել է Պողոսյանը:

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Քաշաքաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանի ծեծի առնչությամբ.

«Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է.Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08։15-ին նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն, 1975թ ծնված Ա.Ե-ն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...