Samvel Karapetyan

ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի ՔՊ կուսակցության համագումարի ընդմիջմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Նրանք զբոսնել են այգում, զրուցել սրճարանում:

Հեղափոխությունը Հայաստանում տապալեց Սամվել Կարապետյանի ու Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը, ով զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը, փորձեց վերցնել իշխանությունը, ըստ ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկությունների՝ նաեւ Կրեմլի աջակցությամբ, որտեղ ակտիվ լոբբինգ էր անում Սամվել Կարապետյանը: Նույնիսկ տեղեկություններ եղան, որ խոսք է գնացել ուժային միջամտության մասին, այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները հրապարակավ հրաժարվել էին ուժային միջամտությունից:

Սակայն ռուսական միջամտություն նույնպես չեղավ, իսկ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով հայկական քաղաքական դաշտում ՀՀԿ-ի իշխանության օրոք դարձել էր բավական նշանային դեմք, հայտարարեց, որ ճանաչելով Կարեն Կարապետյանին, համոզված է, որ նա չի գնա նման քայլերի:

Սամվել Կարապետյանը իշխող համակարգում վարչապետ Կարեն Կարապետյանի «տնտեսական հովանավորն» էր, որի աջակցությամբ ստեղծվեց ռուսահայ գործարարների ներդրողների ակումբը: Ինքը Սամվել Կարապետյանը, գնելով բաշխիչ ցանցերը, հայտարարել էր 1 միլիարդ դոլար ներդրումների մասին, ինչը մեկնաբանվեց որպես իշխանության «քաղաքական գին»:

Հեղափոխությունից հետո ռուսահայ գործարարների հայտարարված ներդրումները սառեցվեցին, թեեւ Սամվել Կարապետյանը շարունակում էր որոշ ծրագրեր Հայաստանում: Այնուամենայնիվ, նկատելի էր որոշակի սառնություն, առավել եւս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների տրանսֆորմացիայի ֆոնին:

Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը, երկրորդելով Արցախի հակամարտության գոտում լարվածության հարցում Ռուսաստանի պատասխանատվության հարցը, հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում լավ դինամիկա ունի, եւ Ռուսաստանը չի խանգարի այդ դինամիկային: Ըստ ամենայնի, ենթադրվում են էներգետիկ, մասնավորապես գազի խնդիրները, ինչպես նաեւ ռուսահայ կապիտալի ներդրումները:

Հանդիպումը տեղի է ունենում այս հայտարարությունից, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո: Արդյոք սառույցը կոտրվում է, եւ Սամվել Կարապետյանը, ով ներդրումային խոշոր ծրագրեր կարող է իրականացնել, «վերադառնում է»: Դա ֆանտաստիկ արդյունք կարող է ունենալ նոր Հայաստանի համար, նկատի առնելով բիզնեսի համար նոր պայմանների ու միջավայրի ձեւավորումը:

Բանն այն է, որ անցած տարի գարնանը Հայաստանում փոփոխությունների գործընթաց, մեծ հաշվով, նախաձեռնել էին Նիկոլ Փաշինյանի շարժումը՝ ակնկալելով հանրության ուժեղ աջակցությունը, ու այսպես կոչված՝ ռուսաստանահայ օլիգարխիան, որը խաղադրույք էր կատարել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վրա ու փորձում էր հասնել նրա վարչապետությանը կամ նվազագույն դեպքում մեծացնել իր դերակատարությունն ու կշիռը Հայաստանի նախկին համակարգում։ Երկրորդ գործընթացի գեներացման հարցում մեծ դերակատարություն ուներ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը, որն ըստ էության Կարեն Կարապետյանի տնտեսաքաղաքական հովանավորն էր՝ ռուսահայ կապիտալին միավորող Ներդրումների ակումբով։ Մինչև ընդհուպ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ այս երկու խմբերը նույնիսկ բնական դաշնակիցներ էին, եթե անգամ նրանց միջև չի եղել ոչ մի պայմանավորվածություն։

Ապրիլի 23-ից հետո, երբ հրաժարական տվեց Սարգսյանը, իրավիճակը միանգամից փոխվեց, ու երեկվա պոտենցիալ «դաշնակիցները» դարձան մրցակիցներ, ավելի շուտ՝ մի կողմից հասարակությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, մյուս կողմից՝ մոսկովյան որոշ շրջանակների ցանկությունը, որը ենթադրում էր Հայաստանում ռուսական տոտալ ազդեցության պահպանում՝ Հայաստանի «աբխազացման» ճանապարհով։

Համաժողովրդական հուժկու շարժումը ու Մոսկվայի ցայտնոտը վերջինիս ստիպեցին նահանջել, որը, սակայն, խորհրդանշեց Կարեն Կարապետյանի ու նրան սատարող «ներդրողների» հեռացումը Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքից։

Հեղափոխությունը ծնեց նոր իրողություններ ու նաև՝ ինստիտուցիոնալ գրեթե անխուսափելի ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը ենթադրում էր, որ ռուսահայ կապիտալը «սառեցնում» է իր ներկայությունը Հայաստանի տնտեսական կյանքում։ Մի կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը չի կարող թույլ տալ, որ ռուսական կապիտալը՝ թեկուզև հայկական ծագմամբ, նշանակալի ներդրումներ իրականացնի Հայաստանում, մյուս կողմից՝ ռուսաստանահայ կապիտալն ավանդապես կապված է Հայաստանի հին համակարգի հետ ու հետևաբար իրեն «յուրային» չի կարող համարել հետհեղափոխական միջավայրում։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի երեկվա հանդիպումը նշանային է ու կարող է վկայել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում «սառույցը» կոտրվում է։ Բոլոր դեպքերում՝ Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսական կյանքում ակտիվ դերակատար է, մյուս կողմից՝ ռուսաստանահայ կապիտալը կարող է կարևոր դեր խաղալ հռչակված տնտեսական հեղափոխության գործընթացում։ Անցած մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ արևմտյան կառույցները չեն շտապում մեծ առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, ու դա հետևանք է նաև Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության, որը հայկական հեղափոխության «առանձնահատկության» թմբկահարումով դրա հետևանքները լոկալացրեց բացառապես ներքին քաղաքականության մակարդակում։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, հավասարակշռել իր քաղաքականությունը Սփյուռքի հարցում։ Սա ոչ միայն ներհայկական խնդիր է, այլ նաև ունի հստակ արտահայտված արտաքին քաղաքական համատեքստ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սա Փաշինյանի բացառիկ հաջողված կադրային նշանակումներից մեկն է, մյուս կողմից՝ Սինանյանը ամերիկահպատակ է, ինչը որոշ հարցեր կարող է հարուցել Մոսկվայում, ու այս համատեքստում կարևոր են դառնում Փաշինյանի կառուցողական ու շահագրգիռ հարաբերությունները ռուսահայ կապիտալի հետ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...