ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից

- in Կարծիք

Եթե որեւէ որոշման գործընթաց լինելու է գաղտնի քվեարկությամբ, ապա նախապես դիրքորոշում հայտնելը ճիշտ չեմ համարում:

Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելուն:

Մակունցը որեւէ խնդիր չի տեսնում, որ արդեն մի քանի անգամ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուները չեն ընտրվում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, ըստ որոնց Վահե Գրիգորյանը իշխանության նախընտրելի թեկնածուն է, Մակունցն ասաց. ««Ասում են»-ի տիրույթում կարող ենք տասնյակ վարկածներ ներկայացնել: Պատգամավորների կողմից քվեարկության դրդապատճառները նույնպես կարող են առանձին մեկնաբանությունների տեղիք տալ: Հիմա ունենք առաջադրված նոր թեկնածու եւ ինչպես նախորդ թեկնածուների հետ, այնպես էլ նոր թեկնածուի հետ հանդիպում կլինի եւ որոշում կկայացվի»:

Լիլիթ Մակունցն ասաց, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից.

«ԱԺ-ն քաղաքական ինստիտուտ է եւ «Իմ քայլը» խմբակցության անունից ես չեմ կարող երաշխավորել, որ մեր մոտեցումներում քաղաքական բաղադրիչը զտելու ենք: Իհարկե, նման բան չի կարող լինել: Ցանկացած խմբակցության դեպքում քաղաքական բաղադրիչը մշտապես առկա է, առկա են նաեւ բոլոր այն իրողությունները, որոնք այսօր կան մեր իրականությունում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...