ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանն օրերս ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները:

Երեկ ուշ երեկոյան վերջապես հրապարակայնացվեց այդ նամակը, որը սպառիչ պատասխաններ է տալիս բազմաթիվ հարցերի, սակայն առաջանում են նորերը։

Գրիգորյանի ծավալուն նամակին անդրադառնալու կարիք թերևս չկա, մանավանդ նրա դիրքորոշումները հայտնի են ու ավելի կարևոր է, թե ինչ լուծումներ են գտնվելու՝ առկա ճգնաժամը հաղթահարելու համար։ Ակնհայտ է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծվել է ճգնաժամ, որն ավելի է խորացնում հասարակության անվստահությունը պետական այս ինստիտուտի նկատմամբ։

Անհրաժեշտ են լուծումներ, ընդ որում՝ այս պարագայում միայն իրավական գործիքակազմը օգնել չի կարող ու փակուղին կարող է հաղթահարվել նաև քաղաքական որոշումների արդյունքում։ Այստեղ է, որ առաջանում են հարցեր, որովհետև քաղաքական լուծումները՝ եթե չունենան համախոհության բաղադրիչ, ապա իրենց մեջ սուբյեկտիվիզմի մեծ ռիսկեր են պարունակելու՝ վտանգելով ՍԴ, իսկ գուցե նաև՝ դատական ողջ համակարգի ռեֆորմը, դրա լեգիտիմությունը։

Այսուհանդերձ՝ մի քանի գլոբալ հարցերի հարկ է անդրադառնալ։

Վահե Գրիգորյանի նամակից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը 2018-ին փորձել է երկարաձգել ոչ միայն իր քաղաքական իշխանությունն, այլ նաև իր կամ ՀՀԿ-ի դիկտատը հաստատել ՍԴ-ում՝ առնվազն մինչև 2035 թ.-ը՝ ՍԴ գործունեությունը դուրս դնելով սահմանադրական փոփոխությունների ռեժիմից։

«Սույն նամակի մեջ վերը թվարկված իմ հիմնավորումների հիմքով ես պնդում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը կիրառելիս դրա ֆորմալիստական մեկնաբանության արդյունքում առաջին հերթին կուսակցական որոշումների և գործողությունների շարքի իրագործմամբ Դատարանի կազմը համալրվել և Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը կատարվել է Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված և Սահմանադրի իրական նպատակների անտեսմամբ և դրանց իրագործման հանրային շահին դեմ՝ փաստացի կասեցնելով Սահմանադրի կողմից իր իսկ սահմանած Դատարանն ունենալու հեռանկարի իրագործվելը մինչև 2035թ.-ը, այն պայմանավորելով կուսակցական որոշմամբ և նույն կուսակցության անդամի նշանակմամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալով»,- գրել է Վահե Գրիգորյանը:

Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա թավշյա հեղափոխությունն առնվազն անկատար է մնալու, եթե ամբողջովին չքանդի իշխանության անփոխարինելիությանն ուղղված գործողությունների կծիկը, որն այնքան «խնամքով» նախապատրաստել են Սերժ Սարգսյանն ու նրա թիմը։ Այլ խոսքով՝ ՍԴ ներկայիս կազմի պահպանումն արժեզրկում է հեղափոխության օրակարգը՝ «Մերժիր Սերժին» կարգախոսը իջեցնելով մեկ մարդու հրաժարեցման նշաձողին։ Կարճ ասած՝ նախկին համակարգի կազմաքանդման մասին անկարելի է խոսել, երբ ինստիտուցիոնալ մակարդակում պահպանված է դրա բաղադրիչներից մեկը, առնվազն՝ սահամանադրական արդարադատության մակարդակում։

Այս իմաստով՝ Վահե Գրիգորյանի առաջարկությունները բխում են հեղափոխության օրակարգից, մյուս կողմից՝ առաջանում են մի քանի հարցեր։

Օրինակ՝ եթե Գրիգորյանն, ի վերջո, այս նամակով առաջարկելու էր բավականին խելամիտ ինստիտուցիոնալ լուծումներ՝ փոխզիջումների պատրաստակամությամբ, ինչո՞ւ պաշտոնը ստանձնելիս դիմեց ՍԴ նախագահ ինքնահռչակվելու էպատաժային քայլին՝ ակամայից կոնսոլիդացնելով ոչ միայն նախորդ համակարգի կողմնակիցներին, այլ նաև՝ բոլոր այն մարդկանց, որոնց համար թանկ է ճգնաժամի հաղթահարման միայն լեգալ ճանապահը։ Ի վերջո, գործընթացի լեգիտիմության տեսանկյունից՝ կարևոր են դրան հասնելու բոլոր գործողությունների ներդաշնակությունը քաղաքական տրմաբանությանն ու առաջին հերթին՝ իրավունքին։

Եթե փաստացի հիմնավորվում է, որ ՍԴ այսօրվա կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման պլանի բաղադրիչ է, ապա կարո՞ղ ենք արձանագրել, որ Բարձր դատարանի շուրջ առկա ճգնաժամը լուծվելու է վեթինգի ճանապարհով, թե՞ վեթինգ կոչվածը պայմանական կատեգորիա է ու իշխանությունը յուրաքանչյուր դեպքում ունի ունիվերսալ լուծումներ, ինչպես՝ օրինակ, ԲԴԽ-ի պարագայում։

Գործնականում և տեսականորեն չբացառենք, որ ՍԴ-ի պարագայում չի գործելու, այսպես կոչված, մոլդովական տարբերակը, երբ ՍԴ անդամները համարեցին, որ կորցրել են իրենց լեգիտիմությունը ու բոլորը հրաժարականներ տվեցին։ Սա լավագույն տարբերակն է, որն աշխատեց նաև մեր ԲԴԽ-ի դեպքում, սակայն կարող է չգործել ՍԴ պարագայում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետական այդ ինստիտուտում ստատուս-քվոյի պահպանմամբ շահարգրգռված են ոչ միայն հայաստանյան հին համակարգի ներկայացուցիչները, այլ նաև՝ արտաքին ուժեր։ Չմոռանանք Ռուսաստանի դեսպանի զորակցական այցը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

Այդ դեպքում կարող է գործել Վահե Գրգորյանի նամակում առարկված երկրոդ լուծումը, որը բխում է հեղափոխության օրակարգից, եթե, իհարկե, իրականացվի անվերապահորեն․ «․․․Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը և 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը․․․Այս տարբերակի դեպքում թեկնածուների և նրանց ընտրության ընթացքում պետք է ապահովվի առավելագույն համախոհություն ընդդիմության և քաղաքական մեծամասնության, ինչպես նաև թեկնածուներ ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինների միջև՝ մեկընդմիշտ ազատելով Դատարանին մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ատյան համարելու հանրային ընկալման իներցիայից: Այս կապակցությամբ մասնագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներգրավումը խիստ խրախուսելի կլինի»:

Վահե Գրիգորյանի առաջարկության առաջին մասն իրագործելի է, եթե հաշվի առնենք խորհրդարանում սահմանադրական մեծամասնության առկայությունը, սակայն դա չի երաշխավորելու ՍԴ ճգնաժամի հաղթահարման գործընթացի լեգիտիմությունը, եթե չապահովվի նամակում նշված երկրորդ բարղադրիչը՝ առավելագույն համախոհությունն ընդդիմության և քաղաքական մեծամասնության, ինչպես նաև թեկնածուներ ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինների միջև՝ մեկընդմիշտ ազատելով Դատարանին մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ատյան համարելու հանրային ընկալման իներցիայից:

Այլ խոսքով՝ հեղափոխության վերջին հարվածին ՍԴ այս կազմը չի դիմանալու՝ դրանում գրեթե տարակույս չկա, սակայն շատ կարևոր է, որ ՍԴ-ն՝ որպես պետական ինստիտուտ, արդարադատության սահմանադրական մարմին, չմնա հեղափոխականության, կամ դրանից ծնված անձնիշխանության մամլիչի տակ։

Համախոհության սկզբունքն անհրաժեշտ է ամրագրել անգամ օրենսդրորեն, ՍԴ ճգնաժամի հաղթահարման գործընթացի կամ վեթինգի շուրջ անհրաժեշտ է ձևավորել քաղաքական լայն համախոհություն, հակառակ պարագայում՝ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժության խորհրդանիշ ՍԴ-ի փոխարեն՝ կարող ենք ստանալ նոր ՍԴ, որը կմարմնավորի հեղափոխական բեսպրեդելը կամ սաղմնավորվող հեղափոխական ավտորիտարիզմը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...