Սերժ Սարգսյանն ունի՞ հարցերից խուսափելու պատճառ

- in Վերլուծական
serzh-sargsyan

Սերժ Սարգսանին հանձնաժողով հրավիրելն ու հարցեր ուղղելը ոչ միայն անհրաժեշտ է, այլ գործնականում անխուսափելի: Համենայն դեպս աներևակայելի է ապրիլյան պատերազմի հարցերի ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքը, որը չի ներառելու այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձի:

Այլ է իհարկե հարցը, թե արդյո՞ք այդ անձն ինքը պատրաստակամ է լինելու ներկայանալ խորհրդարանին և պատասխանել պատգամավորների հարցերի: Այդ կապակցությամմբ Սերժ Սարգսյանի տեսակետը հայտնի չէ, թե ուղղակի, թե միջնորդավորված:

Մի քանի շաբաթ առաջ ՀՀԿ շրջանակները բավականին աշխուժորեն գեներացնում էին Սերժ Սարգսյանի «ուր որ է ելույթ»: Սակայն, այդ աշխուժությունն արագ էլ մարեց, իսկ Սարգսյանն ինքը հայտարարեց, որ ասելու բան չունի և կխոսի, երբ անհրաժեշտ լինի: Իսկ կարո՞ղ է Սերժ Սարգսյանի համար հենց ապրիլյան քառօրյան ուսումնասիրելու հանգամանքը առաջացնի խոսելու անհրաժեշտություն:
Մյուս կողմից, առնվազն տարօրինակ կլինի նաև այն, որ Սարգսյանը հրաժարվի պատասխանել այդ կապակցությամբ պատգամավորների հարցերին: Նախ, պետական էթիկետի շրջանակում չկա որևէ տարօրինակ բան, որ նախկին, և անգամ գործող նախագահները ներկայանան և պատասխանեն խորհրդարանականների հարցերին: Բացի այդ, ներկայումս խորհրդարանը Հայաստանի իշխնության առաջնային մանդատի կրող միակ օրգանն է: Այդ խորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանում է անգամ գործող առաջին դեմքը՝ վարչապետը: Ավելին, վարչապետը դատարանում անգամ ցուցմունք է տալիս իբրև վկա: Ինչպե՞ս է բացատրելու Սերժ Սարգսյանն այն հանգամանքը, որ հրաժարվում է պատասխանել հանձնաժողովի հարցերին:

Դա կնշանակի, որ Սարգսյանն ունի հարցերից խուսափելու պատճառ, ինչը պատասխանատվության սլաքն անուղղակիորեն տանելու է հենց նրա վրա: Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ առանց այդ էլ լինելով նրա վրա՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար և երկրի նախագահ, այդուհանդերձ հանրային տարբեր շրջանակներում կան ոչ անհիմն կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը կարող էր ինքն էլ հայտնվել ապրիլյանի փաստի առաջ ներքին ինտրիգների և արտաքին շահերի որոշակի «դավադիր» միահյուսման հետևանքով: