Սևանա լճում աճում է ֆոսֆորի պարունակությունը. Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները

- in Հասարակություն
Sevan

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ Սևանա լճում աճում է ֆոսֆորի պարունակությունը, քանի որ Սևանի իշխանի կերը ֆոսֆոր է պարունակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գերատեսչության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Մենք մտահոգություններ ունենք Սևանի իշխանի վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությամբ՝ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի պարունակությունը ավելի բարձր է, քան այլ տարածքներում»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով Սևանի սիգին՝ Գրիգորյանը նշեց, որ նախատեսում են դիմել Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի թույլատրվի 150 տոննա արդյունագործական որս, իհարկե՝ որոշակի սահմանափակումներով՝ առաջնահերթությունը տալով մարզի բնակիչներին:

«Տեսչական մարմնի կողմից նոր առաջարկ ենք ստացել՝ կանոնակարգելու վաճառքի փուլը: Կարծում ենք, որ շատ արագ պետք է տրվի օրենսդրական կարգավորում, որպեսզի այն ժամանակ, երբ որսը արգելված է, վաճառքը ևս արգելված լինի»,- շեշտեց նախարարը: